Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ-ի և Արցախի շահերից. «Հայաստանի Հանրապետություն»

25 Հունվար, 2022 09:40
ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ-ի և Արցախի շահերից. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումների ֆոնին առանձնակի կարեւորություն են ստանում արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի սահմաններին ստեղծված իրավիճակի գնահատումը եւ հնարավոր ռիսկերի վերհանումը: Անկախ այն բանից, թե ինչպիսի դրական ձեւակերպումների ներքո են ՌԴ-Թուրքիա հարաբերությունները՝ Արցախի շփման գիծն ու ՀՀ սահմանները ՆԱՏՕ-ռուսաստան հետաքրքրությունների սահմանագծում են, եւ վերջիններիս միջեւ ցանկացած զարգացում, առավել եւս՝ ոչ նախընտրելի, իր ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանի վրա: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանում է Ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ Արցախի շփման գծի երկայնքով վերահսկողությունն իրականացնում են ռուս խաղաղապահները: Այս ամենին գումարվում է նաեւ այն իրողությունը, որ Հայաստանի սահմանները ՀԱՊԿ ռազմաքաղաքական կազմավորման սահմանի մի մասն են:

Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի բռնկման դեպքում ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների սրումը կանդրադառնա այդ երկու կողմերի ազդեցության շփման բոլոր հատվածների վրա: Դրանցից ամենահավանականը Հայաստանն ու Արցախն են, որտեղ 44-օրյա պատերազմից հետո կա խորացված ճգնաժամ, չլուծված հիմնական խնդրին՝ Արցախի կարգավիճակի հիմնահարցին ավելացել են արցախցիների դեմ հրահրված պատերազմական հանցագործությունները եւ Արցախի Հանրապետության նոր օկուպացված տարածքները: Տարածաշրջանի փխրուն վիճակը մեծապես կախված է նաեւ Իրանի շուրջ զարգացումներից: Հետեւաբար՝ Հայաստանի շահերից են բխում ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը, Իրանի ատոմային գործարքի շուրջ բանակցությունների վերականգնումը եւ հնարավոր սրացումների չեզոքացումը:

ՌԴ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Պուտինի հայտարարությունից հետո ՌԴ-ԱՄՆ փոխարտգործնախարարների, այնուհետեւ արտաքին գերատեսչությունների ղեկավարների եւ, հավանական է նաեւ, նախագահների հանդիպումն այդ գործընթացների համատեքստում է: Իսկ իրավիճակն Արեւելյան Եվրոպայում բոլոր դեպքերում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսքան լարված եւ անկայունությանը երկրների հավանական ներգրավման առումով մասշտաբային չի եղել:

Բացի այն, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, առաջին հերթին Թուրքիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան աննախադեպ ծավալներով զինում են Ուկրաինային, իրենց արեւելյան սահմաններ զորքեր են տեղափոխել Լեհաստանը, Բուլղարիան եւ Շվեդիան, իսկ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինայից դուրս է բերում իր դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այս գործողությունները ՌԴ-ին ստիպում են ակտիվացնել դրանց հակազդող դաշինքների ձեւավորման գործընթացները: Այս առումով հատկանշական էր նման լարված իրավիճակում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցը Մոսկվա:

Արարողակարգային միջոցառումների եւ ելույթների հետնաբեմում ընթացած բանակցությունների մասին իր ելույթներում հայտնեց Իրանի նախագահը: Պետդումայում ունեցած ելույթի ժամանակ վերջինս հայտնեց, որ Մոսկվան եւ Թեհրանը պետք է կանխեն արտաքին միջամտությունը երկու երկրների ներքին գործերին՝ երկկողմ շահերն ավելի լավ ապահովելու համար։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ հայտարարեց, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ սերտ կապերը ռազմավարական հարաբերությունների ճանապարհին են:

ՌԴ Իրանի նախագահի պաշտոնական այցի ֆոնին Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի համատեղ ռազմածովային զորավարժություններ մեկնարկեցին: Դրանց ընթացքում տարբեր թիրախային նպատակների շուրջ զինված ուժերի փոխգործակցության վարժանքներ անցկացվեցին՝ ներառյալ միջազգային առեւտրային ուղիների անվտանգության ամրապնդումը, ծովահենության եւ ծովային ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ փորձի փոխանակումը։ Նկատենք, որ Իրանը եւ Ռուսաստանը համագործակցության լավ փորձ ունեն Սիրիայում, որտեղ ռազմական գործողություններն արդեն 10 տարի է, ինչ ընթանում են:

Մյուս կողմից ԱՄՆ գործողություններից դժգոհ մյուս խոշոր պետության՝ Չինաստանի ներգրավումը ՌԴ-Իրան ուղեծիր լուրջ հակակշռի ձեւավորման մասին է խոսում: Այս պետությունների միությունը դեռ չի հասել ռազմական դաշինքի դասական չափանիշներին, սակայն եռյակի համագործակցությունը տնտեսական ոլորտում արդեն բավականին նշանակալի է: Իրանը դիտորդի կարգավիճակ ունի ԵԱՏՄ-ում, բացի այդ, երեք պետություններն ակտիվ փոխգործակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում: Երբ պետությունները կարողանում են եզրեր գտնել տնտեսական շահերի հարցում, հաջորդ՝ ռազմական հարաբերությունների փուլն առավել դյուրին է լինում, քանի որ այսօր պետությունների, հատկապես գերտերությունների միջեւ եղած հակասությունների հիմքում ավելի շատ տնտեսականն է: Մարդկության պատմությունը փաստում է, որ բոլոր դեպքերում, միաբեւեռ աշխարհն աներկբա տանում է տոտալիտարիզմի եւ ավտորիտարիզմի: Մյուս կողմից էլ հակակշիռները նաեւ աշխարհում կայունության գրավականն են, ինչն այնքան անհրաժեշտ է զարգացող պետությունների համար: Այն առանձնակի նշանակություն ունի, ինչպես վերեւում շեշտվեց, գերտերությունների շահերի հատման կետում գտնվող մեզ նման պետությունների եւ ժողովուրդների համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



 

Լրահոս

Դիտել ավելին