Կարևոր իրադարձություններ

Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը

22 Հունվար, 2022 17:19
Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել կազմակերպության գործունեությանը նվիրված Գլխավոր ասամբլեայի նիստին
Հունվարի 21-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է ՄԱԿ 2021թ․ գործունեության վերաբերյալ զեկույցը։ Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ անդրադառնալով կազմակերպության գործունեությանը և գերակայություններին։
 
Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս ՄԱԿ-ի դերակատարության մեծացման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի և իր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Որպես ահագնացող նոր միտումներ, մատնանշվել են միջազգային իրավունքի աղավաղումն ու նենգափոխումը՝ ուժի կիրառման, ինքնության հիմքով հանցանքների, ինքնորոշման իրավունքի ճնշման և պատերազմներից տուժած հանրություններին միջազգային հանրությունից մեկուսացնելու փորձերը։
 
Նշվել է, որ, չնայած գլոբալ զինադադարի վերաբերյալ Գլխավոր քարտուղարի կոչին՝ այս նախաձեռնությունն իրականություն չի դարձել և «մեր տարածաշրջանում 2020թ․ աշնանը մենք ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի դեմ բիրտ ագրեսիայի, ինչը բազում մահերի, բնակավայրերի ամբողջական ավերման, կենսական ենթակառուցվածքների ոչնչացման և խոշոր հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել»։ Ընդգծվել է, որ Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները, իսկ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի խոչընդոտումն ու քաղաքականացումը թույլ չի տալիս ՄԱԿ-ին համապարփակ հումանիտար աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը։
 
Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Covid-19 համավարակի առողջապահական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և մյուս հետևանքների հաղթահարման գլոբալ ջանքերը համակարգելու ու առաջնորդելու հարցում ՄԱԿ-ի դերակատարությանը։ Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում ընդգծվել է դեպի ծով ելք չունեցող երկրների կարիքներին առավել մեծ ուշադրության հատկացման անհրաժեշտությունը։
 
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն աջակցություն է հայտնել նաև Գլխավոր քարտուղարի կողմից բարեփոխումների օրակարգն առաջ մղելու ջանքերին՝ ուղղված ՄԱԿ համակարգի ճկունության, ներդաշնակության և արդյունավետության բարձրացմանը։
 

Լրահոս

Դիտել ավելին