Կարևոր իրադարձություններ

Հրանտ Մարգարյանը վերադառնո՞ւմ է. Իշխան Սաղաթելյանի դեմ արշավը հենց նա է ուղղորդում. «Հրապարակ»

22 Հունվար, 2022 09:30
Հրանտ Մարգարյանը վերադառնո՞ւմ է. Իշխան Սաղաթելյանի դեմ արշավը հենց նա է ուղղորդում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՅԴ-ականները պատրաստվում են 34-րդ Ընդհանուր ժողովին, որի ընթացքում, սակայն, ոչ թե Գերագույն մարմին են ընտրելու, այլ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ եւ առաջիկայի համար ծրագիր ու մարտավարություն են ընդունելու։ ՀՅԴ այս ժողովները տեղի են ունենում չորս տարին մեկ անգամ․ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինը՝ Բյուրոն, չորս տարի ժամկետով է ընտրվում, ի տարբերություն հայաստանյան ղեկավար մարմնի՝ ԳՄ-ի, որն ընտրվում է երկու տարին մեկ։ Անցած տարվա հուլիսի 2-4-ը Երեւանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, որի ընթացքում էլ Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի պաշտոնում։

Գերագույն ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին՝ հետեւյալ կազմով. Իշխան Սաղաթելյան, Սիմոն Սիմոնյան, Լիլիթ Գալստյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Տարոն Տոնոյան, Աշոտ Սիմոնյան, Հակոբ Մաթիլյան, Իգոր Սարգսյան, Արգիշտի Գեւորգյան, Սուրեն Մանուկյան, Բագրատ Եսայան, Պետրոս Մեղրյան։

Այսինքն, մինչեւ 2023 թվականը Իշխան Սաղաթելյանին փոխել չեն կարող, եւ օրերս տարբեր լրատվամիջոցներում Սաղաթելյանի դեմ հրապարակված հոդվածները ոչ թե կոնկրետ նպատակով են արվում, որ նրա վերընտրությանը խանգարեն, այլ ներկուսակցական պայքարի արդյունք են։ ՀՅԴ կանոնադրությունը, ի դեպ, Ընդհանուր ժողովին իրավասություն չի ընձեռում՝ արտահերթ կարգով ԳՄ ընտրություններ անցկացնելու։ Այս Ընդհանուր ժողովն ունի իր ձեւավորված օրակարգը եւ տարբեր երկրների մարմինների գործունեության ուղիղ միջամտության իրավունք չունի։ «Դա ապակենտրոնության սկզբունքի խախտում է»,- ասաց դաշնակցական ընկերներից մեկը։

Կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո, թեեւ ընտրվել է 2019-ի հունվարին՝ Արցախում անցկացված ժողովի ընթացքում, եւ չորս տարվա ժամկետը դեռեւս չի լրացել, բայց իրադարձությունների ակտիվ ընթացքը ստիպել է արագացնել ժողովի հրավիրումը։ Որոշ տեղեկություններով, ՀՅԴ-ում դժգոհություններ կան՝ կապված Բյուրոյի ներկայացուցչի հետ։

Հիշեցնենք, որ 2019-ին ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ Կանադայից։ Դաշնակցական ընկերների կարծիքով, վերջինս մեղմ է, ավելի իներտ, ինչպես իրենք են ասում՝ «չի ձգում», ու դրա պատճառով էլ նոր Բյուրոյի ձեւավորումն օրախնդիր է։

Այն, ըստ ամենայնի, տեղի կունենա Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում՝ դաշնակցականները սիրում են Ծաղկաձորում ժողովներ անել։ Թեեւ ընդհանուր ժողովները երբեմն նաեւ արտերկրում են կայանում, որովհետեւ ողջ աշխարհից պատվիրակներ են մասնակցում։ Նախընթաց շրջանում տեղական ժողովներ են հրավիրվում՝ Ընդհանուր ժողովի պատվիրակներ ընտրելու համար։

Տեղեկացնենք, որ վերջին ժողովի ժամանակ որոշում է ընդունվել երկու տարի անց կրկին ժողով հրավիրել՝ կազմակերպական օրակարգով, եւ քննարկել ներկազմակերպչական հարցեր, սակայն ՀՅԴ-ից տեղեկացանք, որ այդ ժողովը հետաձգվել է՝ կորոնավիրուսի եւ հետպատերազմական խառնակ իրավիճակի պատճառով, ու որոշել են լիարժեք ժողով հրավիրել այս տարվա մարտին եւ միաժամանակ Բյուրոյի նոր կազմ ընտրել։

Մեզ տեղեկություններ հասան, որ նախորդ ժողովում պաշտոնից հրաժարված եւ պասիվացած Հրանտ Մարգարյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնը, վերադառնալու հավակնություններ ունի։ Այս հավակնություններով են նաեւ բացատրում ՀՅԴ-ի ներսում ինտրիգների զարթոնքը․ ինքը՝ Հրանտ Մարգարյանը, ինտրիգների մեծ մասնագետ է, եւ չեն բացառում, որ Իշխան Սաղաթելյանի դեմ արշավն էլ հենց նա է ուղղորդում։

Մարգարյանի վերադարձի պարագայում ՀՅԴ Բյուրոն կրկին կստանձնի Հայաստանի Դաշնակցության կառավարումը, ինչը Հրանտ Տեր-Խաչատուրյանի ժամանակ բացառվել էր, եւ հայաստանյան ներքին կյանքում որոշումներ կայացնողը դարձել էր ԳՄ-ն՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ։ ՀՅԴ Բյուրոն, ի դեպ, ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, Ընդհանուր ժողովի կողմից։ Բյուրոն մեկնաբանում է ՀՅԴ ծրագիրը, կազմակերպական կանոնները եւ Ընդհանուր ժողովի որոշումները, հսկում նրանց գործադրումը, ղեկավարում կուսակցության ընդհանուր քաղաքականությունը, վերահսկում կուսակցական մամուլի ընթացքը։

Բյուրոյի ներկայիս անդամներն են Արմեն Ռուստամյանը՝ նախագահ, Վիգեն Բաղումյանը, Արամ Գալուստյանը, Վիգեն Յագուպյանը, Յակոբ Խաչերյանը, Արսեն Համբարձումյանը, Կիրո Մանոյանը, Բենիամին Պչաքճյանը, Սպարտակ Սեյրանյանը, Րաֆֆի Տոնապետյանը, Հովսեփ Տեր-Գեւորգյանը, Մուրադ Փափազյանը։ 4 հոգի՝ Հայաստանից, մյուսները՝ սփյուռքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին