Կարևոր իրադարձություններ

Գործնական առաջարկներ՝ հուղարկավորության ծառայությունների ոլորտում սխեմատիկ չարաշահումները վերացնելու․ դատախազություն

21 Հունվար, 2022 18:22
Գործնական առաջարկներ՝ հուղարկավորության ծառայությունների ոլորտում սխեմատիկ չարաշահումները վերացնելու․ դատախազություն

Արդեն տեղեկացվել է, որ Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում պարզվել են շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներ: Դրանց նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազը կոնկրետ առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին: Առաջարկվել է հրատապ կարգով քննարկման առարկա դարձնել դրանք՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքի բնակչությունն ամեն օր առնչվում է հուղարկավորության գործընթացի, հետևաբար նաև ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի, իրավահարաբերությունների թերկարգավորվածության հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

 

Դատախազության կողմից, մասնավորապես, առաջարկվել է գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանման և վերահսկողության բացակայության պայմաններում քաղաքացիների կողմից հողազավթումների պրակտիկան վերացնելու նպատակով գերեզմանատների  տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որը օրենքով սահմանված չափով կարող է տրամադրվել հուղարկավորության համար, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով: Այս կառուցակարգը կբացառի ավելի «լավ» կամ նախըտրելի տարածքը կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որոշակի անձանց տրամադրելու, սահմանված չափից ավելի մեծ տարածք տրամադրելու կամ գերեզմանատան տարածքից դուրս համայնքներին, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները որպես գերեզմանատեղի տրամադրելու ռիսկը:  

 

  Բացի այդ, ըստ ուսումնասիրության, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը վերահսկողական մեխանիզմներ չունի կամ դրանք պատշաճ չի իրականացնում պարզելու համար՝ արդյոք գերեզմանատեղից վերցված և ՀՈԱԿ ներկայացված փաստաթղթերն իրականությանը համապատասխանում են, թե ոչ: Ելնելով դրանից՝ առաջարկվել է մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ, ինչը կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը: 

 

Հաշվի առնելով, որ գերեզմանատան վարիչի կողմից գերեզմանատանը բիզնես ծառայություններ մատուցելը նպաստավոր պայմաններ է ստեղծում  անօրինական վարձատրություն կամ կաշառք ստանալու համար՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է վերացնել կանոնադրությամբ արձանագրված նման լիազորությունը՝ միաժամանակ հսկողություն սահմանելով քաղաքացիների կողմից բետոնապատման ընթացքում տրամադրված գերեզմանի սահմանների պահպանման նկատմամբ: Բացի այդ, առաջարկվել է ստեղծել նման ծառայություների մատուցման համար նախատեսված էլեկտրոնային հարթակ, և ծառայությունների գումարները գանձել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ՀՈԱԿ-ի հաշվեհամարին:

 

Նկատի ունենալով, որ իրավիճակը գերեզմանոցային ծառայությունների մատուցման ոլորտում գործնականում չի փոխվում անգամ հարուցված բազմաթիվ քրեական գործերի, պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված քրեական հետապնդումների պայմաններում՝ Երևան քաղաքի դատախազը բարձրացրել է ՀՀ օրենսդրության պահանջների պահանմամբ ոլորտում աշխատող անբարեխիղճ աշխատակիցների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը՝ սկսած ոլորտը համակարգող կամ ոլորտի նկատամամբ վերահսկողական գործառույթներ իրականացնող Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցներից մինչև «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ղեկավար կազմը, աշխատակիցները, գերեզմանատան վարիչները և հսկիչները:

 

Միջնորդագրով դրվել է նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններ-«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–գերեզմանատան վարիչ-գերեզմանատան հսկիչ քառաստիճան համակարգում կարգավորող իրավանորմերի և հարաբերությունների կատարման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման և կատարելագործման  անհետաձգելի միջոցառումներ սկսելու հարցը:

 

Պատրաստակամություն է հայտնվել դատախազության կողմից, իր իրավասության շրջանակներում, ներգրավվելու համապատասխան աշխատանքներում:

 

Միջնորդագիրը ներկայացվելուց հետո Երևանի քաղաքապետն արձագանքել է: Բարձրացված հարցերի շուրջ արդեն իսկ նախնական քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի և Երևանի դատախազի տեղակալի միջև:

 

Գործընթացը կրելու է շարունակական բնույթ: 

 

Լրահոս

Դիտել ավելին