Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Թեհրան փոխհարաբերությունները կընդլայնվեն. «Հայաստանի Հանրապետություն»

21 Հունվար, 2022 09:47
Մոսկվա-Թեհրան փոխհարաբերությունները կընդլայնվեն. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Հունվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, որին ուղեկցում էր քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն։ Նրան «Վնուկովո» օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ու ԱԳ փոխնախարարը։

Ռայիսին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում անդրադառնալով այցի նպատակներին, նշել է, թե Թեհրանը ձգտում է ընդլայնել ու սերտացնել փոխհարաբերությունները բոլոր հարեւան երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ, տարբեր, այդ թվում՝ քաղաքական, առեւտրատնտեսական ոլորտներում։ Ապա նա ընդգծել է, որ այցը կարող է շրջադարձային լինել տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման առումով, հայտարարել է, թե Թեհրան-Մոսկվա՝ առկա ընդհանուր շահերի ու փոխըմբռնման առկայությունը տարածաշրջանում անվտանգության գործոն է, ինչը կարգելակի աշխարհում միակողմանիությունը։ Միաժամանակ հույս է հայտնել, որ երկու երկրների փոխադարձ գործակցությունն ու փոխըմբռնումը դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ու միջազգային փոխհարաբերությունների վրա։ Ռայիսին նշել է, թե երկկողմ առեւտրատնտեսական մակարդակը կողմերի համար գոհացուցիչ չէ, հույս է հայտնել, որ շատ ավելի բարձր մակարդակի կհասնի։ Նշենք, որ ներկա դրությամբ Թեհրան-Մոսկվա տնտեսական կապերի ծավալը շուրջ 3 միլիարդ դոլար է կազմում, սակայն Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահը հայտնել է, թե կողմերը պայմանավորվել են այն հասցնել 20 միլիարդի։

Անդրադառնալով Ռայիսիի մոսկովյան օրակարգին, նշենք, որ կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին հայտնել էր, թե Պուտինի հետ հանդիպումից զատ, նա ելույթ կունենա Պետդումայում, ապա կհանդիպի նավթարդյունաբերության ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչներին, ինչպեսեւ կայցելի Մոսկվայի համալսարան։ Ըստ Բ. Ջահրոմիի՝ մոսկովյան բանակցությունների առանցքը Իրանի արտահանման ընդլայնումը եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացումն էր։

Իրանական կողմը խիստ կարեւորել է այցը, որը փաստորեն Ռայիսիի՝ հայացք դեպի արեւելք քաղաքականության համատեքստում է, Չինաստանի հետ 25-ամյա ռազմավարական համաձայնության կյանքի կոչելուց հետո, ինչը նշանակում է լուրջ փոփոխություն այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ։ Հաշվի առնելով, մասնավորապես, այն, որ Իրանի արտաքին քաղաքականության հիմնասյունն ի սկզբանե իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի հայտարարած «Ոչ արեւելյան եւ ոչ արեւմտյան» սկզբունքն է, որը գրված է ԱԳ նախարարության շենքի ճակատին։ Այցը խիստ կարեւորել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ երկրի փոխնախագահ Մոհամեդ Մոխբերը կառավարության նիստում հայտարարել է, թե այցը չափազանց կարեւոր է, կարելի է այն գնահատել որպես միջազգային փոխհարաբերություններում արմատական փոփոխություն։ Պահպանողական կողմնորոշմամբ ԶԼՄ-ները եւս չափազանց բարձր են գնահատել այցի նշանակությունը, միաժամանակ քննադատել բարենորոգչական հոսանքին հարողներին՝ նրանց մեղադրելով արեւմտամետ լինելու համար։

Ի դեպ, բարենորոգիչները քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների սերտացմանը՝ շեշտելով, թե Ռուսաստանի վերաբերմունքն Իրանի հանդեպ գաղութատիրական է։ Սոցցանցերում եւս քննադատություններ կան ռուս-իրանական փոխհարաբերությունների զարգացման առնչությամբ, ինչը Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին համարել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քարոզչության հետեւանք եւ Ռուսաստանին սեւացնելու նպատակ է հետապնդում։ Նա, միաժամանակ գովեստով խոսելով նախագահ Պուտինի ղեկավարած Ռուսաստանի մասին, ի պատասխան դժգոհողների նշել է, թե իրանցիների քննադատությունն ուղղված է պատմական անցյալին՝ ցարական Ռուսաստանին, ինչը բավական աղմկարար արձագանքներ է ունեցել։ Ներկա դրությամբ, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն թե՛ Իրանի եւ թե՛ Ռուսաստանի դեմ սահմանափակումներ է կիրառել, կողմերն ունեն ընդհանուր շահեր՝ դրանց հետեւանքները հաղթահարելու հարցում։ Սակայն իրականում ռուս-իրանական հարաբերություններում պատմականորեն ձեւավորված է փոխադարձ անվստահության մթնոլորտ, ինչը նկատելի է նաեւ դրանց զարգացման ընթացքից։ Օրինակ, Ռուսաստանը Թուրքիային վաճառել եւ շատ արագ հանձնել է C-400 հակաօդային հրթիռներ, մինչդեռ Իրանին վաճառված C-300-ների հանձնման գործընթացը ձգձգվեց, ինչից խիստ դժգոհ էր Թեհրանը։ Բացի այդ, Մոսկվան տարբեր առիթներով անդրադարձել է ռուս-իրանական եւ ռուս-իսրայելական փոխառնչություններին, շեշտել, թե Իսրայելի անվտանգությունը Ռուսաստանի համար առաջնային է։

Այսուհանդերձ, այցը նաեւ կարեւորել է ռուսական կողմը։ Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւոն Ճաղարյանը, խոսելով այցի նշանակության մասին, շեշտել է, թե  շատերին այն բնավ էլ դուր չի գա։ Իրականում էլ, դատելով արեւմտյան ԶԼՄ-ների արձագանքներից, կարելի է նշել, որ Արեւմուտքը, մեղմ ասած, չի ողջունում այցը։ Ճաղարյանը հավելել է նաեւ, որ երկկողմ առեւտատնտեսական փոխառնչությունների ծավալը 2021 թ. 87 տոկոս աճ արձանագրելով՝ կազմել է 3 միլիարդ 600 միլիոն դոլար։ Ավելին, դեռեւս հունվարի 14-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւս, նշանավորելով Պուտին-Ռայիսի հանդիպումը, ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդումը՝ հավելելով, որ նշյալ հանդիպման օրակարգում քննարկվելու են կողմերին հետաքրքրող բոլոր հարցերը։ Հունվարի 18-ին այցի առնչությամբ Կրեմլի հրապարակած հայտարարությունում եւս շեշտվել է, որ օրակարգում են համագործակցությանը վերաբերող տնտեսական համատեղ նախագծերի իրականացման, միջազգային, ինչպեսեւ Վիեննայում Իրան-5+1-ի 2015 թ. համաձայնության վերականգնման բանակցությունների գործընթացի եւ այլ հարցեր։

Նշենք, որ 2000 թ. Ռուսաստան-Իրան 20-ամյա ռազմավարական համաձայնության ժամկետն ավարտվել է, եւ կողմերը ցանկանում են այն երկարաձգել եւս 20 տարով։ Պուտին-Ռայիսի հանդիպմանը վերջինս հայտնել է նոր պայմանագրի նախագծի պատրաստ լինելու մասին։ Միաժամանակ Իրանի նախագահը շեշտել է, թե երկկողմ փոխհարաբերությունների ընդլայնման հարցում որեւէ սահմանափակում չկա, եւ Իրանը ցանկանում է, որ փոխառնչությունները լինեն բազմակողմանի, ամուր, կայուն եւ ռազմավարական բնույթ կրեն։ Ինչ վերաբերում է միջազգային խնդիրներին, ապա նրանք քննարկել են Սիրիայի հարցը եւ ընդգծել միջազգային ահաբեկչության դեմ իրենց հաջողված պայքարն այդ երկրում։ Պուտինը կարեւորել է Աֆղանստանի առնչությամբ առկա մտահոգությունները, ինչի շուրջ եւս հանդիպմանը նրանք բանակցել են։ Ռայիսին շեշտել է, թե Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարի փորձը կարելի է կիրառել նաեւ Աֆղանստանում ու Կովկասում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին