Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

19 Հոկտեմբեր, 2015 12:40
Գալուստ Սահակյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 18-ին Ժնեւում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում. քննարկվել են երկու երկրների կողմից միջազգային հարթակներում իրականացվող աշխատանքների մանրամասները:

Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական փոխհարաբերությունների վերջին զարգացումներին եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը: Մասնավորապես, Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվելով միջազգային որոշակի պատժամիջոցների ազդեցության տակ, այնուամենայիվ, դրանք հաղթահարում է եւ զարգացնում տնտեսությունը: Տիկին Մատվիենկոն վստահեցրել է, որ հայ-ռուսական բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունները շարունակում են զարգանալ եւ օրեցօր ամրապնդվել:

Վալենտինա Մատվիենկոն, անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին ու ներկա վիճակին, կարծիք է հայտնել, որ տնտեսության զարգացման լավագույն մոդելը պետությունների միասնական միությունների ստեղծումն է, որտեղ մասնակից պետությունների հնարավորություններն ավելանում են: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունն է, այլեւ երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային եւ հոգեւոր մտերմությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այսօր կարելի է փաստել, որ տարբեր մակարդակներում պարբերական բնույթ կրող փոխայցելությունները նպաստում են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը եւ հնարավորություն տալիս քննարկել բազմաթիվ օրակարգային հարցեր»:

Խոսելով միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նկատել է, որ փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում բխում է երկու երկրների դաշնակցային շահերից: ՀՀ ԱԺ նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահը քննարկել են տիկին Մատվիենկոյի՝ նոյեմբերին Հայաստանի Հանրապետություն սպասվող այցի մանրամասները, որին նախորդելու է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը: 

 

Լրահոս

Դիտել ավելին