Կարևոր իրադարձություններ

Գևորգ Կոստանյանը` Կրեմլում. «Ժողովուրդ»

21 Հունվար, 2022 08:17
Գևորգ Կոստանյանը` Կրեմլում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ հայրենի իրավապահները Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել արդեն շուրջ 2 տարի, եւ, ահա, նրան հրավիրում են Կրեմլ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին ու ներկա պաշտոնյաները Կրեմլում մասնակցել են նաեւ առավել փոքր ձեւաչափով կազմակերպված ֆուրշետ-հյուրասիրությանը, որտեղ ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել:

Ստացվում է՝ Կոստանյանը, չունենալով որեւէ պաշտոն, ունի նույնքան հեղինակություն, որքան ՀՀ գործող գլխավոր դատախազը: Այս իրողությունը ուշագրավ է ոչ միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ից ընդամենը երկու դատախազներ են մասնակցել իրավապահ այդ կառույցի հիմնադրման 300-ամյակին, այլ այն, որ Գեւորգ Կոստանյանը ՌԴ-ում ոչ մի օր չի եղել հետախուզման մեջ. Մոսկվան հրաժարվել է հետախուզել նրան:

Հիշեցնենք՝ միջազգային քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը, եւս հրաժարվել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ՝ հարուցված քրգործի նյութերը համարելով անհիմն: Փաստորեն, ե՛ւ ՌԴ-ն ե՛ւ Ինտերպոլը համարել են Կոստանյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում: Թերեւս, դրա համար էլ, ոչ միայն Կրեմլ են հրավիրել նրան, այլեւ՝ 300-ամյակի աննախադեպ միջոցառումներին, ինչը հատկանշական է եւ գնահատական՝ առաջադրված մեղադրանքին:

Հիշեցնենք նաեւ, որ ամիսներ առաջ, էլի Կրեմլում, Կոստանյանը դստեր հետ մասնակցում էր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը եւ նստած էր առաջին շարքում, որը ցուցադրվում էր ՌԴ Առաջին հեռուստաալիքով: Ինչպես մի առիթով տեղեկացրել էինք՝ այժմ Կոստանյանը ՌԴ դատախազության ակադեմիայում դասավանդում է՝ վերապատրաստելով ՌԴ դատախազներին:

Փաստորեն, Գեւորգ Կոստանյանը կարողացավ ե՛ւ ՌԴ, ե՛ւ միջազգային մակարդակով ապացուցել, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն եւ ապօրինի է»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին