Կարևոր իրադարձություններ

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո․ Զախարովան պատասխանել է Ալիևի սպառնալիքներին

20 Հունվար, 2022 15:30
Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո․ Զախարովան պատասխանել է Ալիևի սպառնալիքներին

Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների վերաբերող հարցերը պետք է մեկնաբանեն այդ երկրների՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ եթե ադրբեջանական կողմը տեղյակ լիներ Ֆրանսիայի Իլ Դը Ֆրանս շրջանի ղեկավար, նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցից, ապա «նրան բաց չէինք թողնի»։

«Ես կրկին կասեմ տեղում իրավիճակի հիմնական մոտեցումների մասին՝ կապված տվյալ տարածքներ այցելելու հետ։ Մենք ելնում ենք հենց այդ հիմնական մոտեցումից։ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը տեղակայված է շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողություների լիովին դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա: Տվյալ փաստաթղթի 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների տեղաշարժի անվտանգությունը»,- նշել է Զախարովան:

Զախարովան նաև ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը սահմանել է խաղաղապահ գործողության գոտի օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների ներկայացուցիչների այցելությունների ընթացակարգը:

«Այդ ընթացակարգը քաջ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, ըստ այդ կարգի՝ պետք է նախապես և պատշաճ ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցերի վերաբերյալ: Սա կրկին մեր հիմնարար մոտեցումն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Լրահոս

Դիտել ավելին