Կարևոր իրադարձություններ

Անկարան Թեհրանին հայկական հաղորդակցության ուղիների այլընտրանքների է նախապատրաստում. «Հայաստանի Հանրապետություն»

20 Հունվար, 2022 09:42
Անկարան Թեհրանին հայկական հաղորդակցության ուղիների այլընտրանքների է նախապատրաստում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Իրանը կրկին խոսել է Հարավային Կովկասում իրեն սահմանակից պետությունների սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին: Այս անգամ Խոմենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին է հայտնել, թե Կովկասում հարեւանների հետ սահմաններն անվտանգային նշանակություն ունեն Իրանի համար, եւ Թեհրանը սահմանների փոփոխություն չի ընդունի: Նա հայտարարել է, թե փորձը ցույց է տվել, որ երբ երկրների սահմանները փոխվում են, ճգնաժամի օջախ է առաջանում, որի վերջն անհայտ է, եւ շեշտել է, թե Հարավային Կովկասում իրենց սահմանակցում են Ադրբեջանն ու Հայաստանը:

Իրանն այստեղ առաջին հերթին նկատի ունի Հայաստանի հետ ունեցած սահմանը, որով անցնում է Հարավ-Հյուսիս միջպետական ճանապարհը, նաեւ՝ գազատարը: Այս հարցում Թեհրանի մտահոգությունները լիովին հիմնավոր են, եւ այս երկիրը պարտադրված է պարբերաբար հայտարարել իրեն սահմանակից երկրների սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին: Թեհրանի նման մտահոգություններն ունեն առարկայական հիմքեր:

Սակայն մյուս կողմից էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համառորեն նոր հաղորդակցության ուղիներ են առաջարկում Իրանին, եւ դրանց նպատակը մեկն է՝ հայկական ճանապարհների այլընտրանքը: Օրերս հայտարարվեց Թուրքիայի տարածքով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազ հասցնող Իգդիր-Նախիջեւան գազատարի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին, որն ընթացիկ տարում է լինելու: Նախագծի արժեքը 13.7 միլիոն դոլար է: Այն իրականացվում է Թուրքիայի պետական նավթագազային ընկերության՝ «Botaş»-ի ու ադրբեջանական «Socar»-ի կողմից եւ տարեկան ունենալու է մոտավորապես 550 մլն խմ թողունակություն:

Թուրքական կողմը հայտարարում է, թե նախագծի իրականացմամբ լրջորեն փոխվելու է տարածաշրջանի էներգետիկ հավասարակշռությունը: Ակնհայտ է, որ այս գազամուղը կառուցվում է որպես Իրան-Հայաստան գազամուղի այլընտրանք, քանի որ ցանկության դեպքում այն Նախիջեւանից կմիացվի Իրանի գազային համակարգին, եւ իրանական գազը նաեւ այդ ճանապարհով կհասնի Թուրքիա ու Եվրոպա:

Նկատենք, որ էներգետիկ ոլորտում Իրանի եւ Հայաստանի միջեւ իրականացվող ամենահաջողված ծրագրերից մեկը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն է, որի շրջանակներում Հայաստանն Իրանից տարեկան մոտ 300-400 մլն խորանարդ մետր գազ է ստանում՝ փոխարենը Իրանին մատակարարելով 1-1.2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Հայաստանի տարածքով անցնող գազատարը կարող է նաեւ դառնալ տարանցիկ՝ մինչեւ Վրաստան: Հենց այս հեռանկարի դեմ էլ աշխատում է Իգդիր-Նախիջեւան գազատարը: Այն փաստացի չեզոքացնում է Հայաստանով իրանական գազի տարանցման հեռանկարը: Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը տարեկան 1.2 մլրդ խմ  է, բայց ներդրումների ներգրավմամբ գազատարի արդիականացման ու ճնշման ավելացման դեպքում ծավալը կարող է հասնել 2-2.3 մլրդ խմ-ի: Մոտավորապես այս ծավալով գազ է ներմուծում այսօր Հայաստանը ՌԴ-ից: Իրանը, բնականաբար, չի ցանկանում հայկական փոքր շուկայում մրցակցել Ռուսաստանի հետ, բայց գազի տարանցման հարցում առիթը բաց չի թողնի՝ ներգրավվելու էներգակիրը Եվրոպա արտահանման ծրագրերում:

Թուրքիան լրջորեն մտել է տարածաշրջանի գազային տարանցիկ ենթակառուցվածքների պատերազմի մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարեց, որ Արեւելյան Միջերկրական ծովի հանքավայրերից գազը Եվրոպա կարող է մղվել միայն թուրքական տարածքով։ Բանն այն է, որ հունվարի 8-ին հունական «Defense-point.gr» տեղեկատվական պորտալը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները տեղեկացրել է Հունաստանին, Կիպրոսին եւ Իսրայելին (որոնք համաձայնության են եկել Արեւելյան միջերկրածովյան «EastMed» գազատարի շինարարության մասին), որ չի աջակցում Թուրքիան շրջանցող այս նախագծին։ Հունական լրատվամիջոցը մեկնաբանել է, որ Վաշինգտոնի այս դիրքորոշումը բացատրվում է Էրդողանի հետ կոնֆլիկտներից խուսափելու ձգտումով, առավել եւս, որ Թուրքիան ընտրությունների նախաշեմին է:

«EastMed» գազատարի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2020 թ. հունվարի 2-ին Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի կողմից։ Ակնկալվում է, որ այն թույլ կտա իսրայելական «Լեւիաթան» եւ կիպրոսյան «Աֆրոդիտե» հանքավայրերից Կիպրոս եւ Կրետե կղզիներով էներգակիրներ հասցնել Հունաստան, այնտեղից էլ՝ Իտալիա: «EastMed» խողովակաշարի նախագծային հզորությունը տարեկան 10 միլիարդ խմ է։

Վերոնշյալից պարզ է դառնում, որ պետությունների տնտեսական շահերը, մասնավորապես՝ էներգակիրների հարցում, դոմինանտ են դառնում տարածաշրջանի եւ Եվրասիա աշխարհամասի քաղաքական զարգացումներում՝ շատ դեպքերում դառնալով սանձազերծվող պատերազմների պատճառ: Այդ ամենի հանգուցային կետում կանգնած է Թուրքիան, ինչը հուշում է, որ նման գործընթացները շարունակվելու են, եւ՝ ավելի մեծ ծավալներով ու ուժգնությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



 

Լրահոս

Դիտել ավելին