Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզպետը պարգևատրել է «Լավագույն դպրոց» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքում հաղթած դպրոցներին ու մանկավարժներին

19 Հունվար, 2022 00:09
Սյունիքի մարզպետը պարգևատրել է  «Լավագույն դպրոց» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքում հաղթած դպրոցներին ու մանկավարժներին

Հունվարի 17-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը եւ մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այցելել են Վերիշենի եւ Գորայքի միջնակարգ դպրոցներ։ Այս մասին հայտնում են մարզպետարանի աշխատակազմից։

Առիթը արդեն երկրորդ տարին մարզպետարանի կողմից անցկացվող մարզի «Լավագույն դպրոց» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքում հաղթած դպրոցներին ու մանկավարժներին պարգեւատրելն էր։

Սյունիքում 2020-2021 ուսումնական տարվա «Լավագույն դպրոց» է ճանաչվել Վերիշենի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղում Ագարակի միջնակարգ դպրոցն է, 3-րդը Գորայքի միջնակարգն է։ Լավագույն դպրոցների տնօրեններին փոխանցվեցին գավաթներն ու շնորհակալագրեր, պարգեւատրվեցին նաեւ Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններից լավագույնը ճանաչված մանկավարժները։

Կրթօջախներն ընտրվել են կոնկրետ չափորոշիչների ու տվյալ ուստարում գրանցած արդյունքների հիման վրա․ հաշվի են առնվել մեդալակիրների, կարմիր վկայականներով շրջանավարտների, գովասանագիր ստացած աշակերտների, տարակարգ ստացած ուսուցիչների, կամավոր ատեստավորված ուսուցիչների, դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտների թվերը։

Վերիշենի դպրոցում նախ փառքի անկյունում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված շրջանավարտներին, այնուհետեւ դպրոցի շնորհալի աշակերտները հանդես եկան գեղարվեստական համարներով։

Գորայքի դպրոցում աշակերտները գավաթը ստանալու կապակցությամբ հայրենասիրական ու ազգային ոգով համեմված ցերեկույթ էին կազմակերպել։

Երկու դպրոցներում էլ Մելիքսեթ Պողոսյանը շնորհավորանքի ու գնահատանքի խոսքեր հղեց տնօրեններին, մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին՝ նշելով, որ դա բոլորի համատեղ ձեռքբերումն է ու պետք է ձգտել շարունակել լավ աշխատանքը՝ օրինակ դառնալով մարզի մյուս դպրոցների համար։ Մարզպետը խնդրեց նաեւ նոր մարտահրավերների առերեսված Սյունիքում նախկինից ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆիզկուլտուրա, ՆԶՊ առարկաներին, ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Դպրոցներին շնորհավորեցին նաեւ Կարո Ավանեսյանն ու Մերի Գանդալյանը։

Հատկանշական է, որ Գորայքի ու Ագարակի դպրոցներն արդեն երկրորդ անգամ են մարզի լավագույն դպրոց ճանաչվում։

 

Լրահոս

Դիտել ավելին