Կարևոր իրադարձություններ

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է. ՊԵԿ

18 Հունվար, 2022 15:10
Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հիշեցնում է, որ ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ   երկարաձգվել էր 3-րդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքի դրույքաչափերի արտոնությունների ժամկետը: Որոշմամբ սահմանվել են նաև այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը,  որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում 2020 թվականի ընթացքում կիրառվել են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր դրույքաչափեր: Որոշումը թեպետ ուժի մեջ էր մտել հունիսի 12-ից, սակայն ուներ հետադարձ ուժ:

Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում էր նաև 2020թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հունիսի 12-ից կազմակերպել է այդ ապրանքների ներմուծման ժամանակ բարձր դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի տարբերության վերահաշվարկման և տնտեսվարողների վերադարձման գործընթաց: 

Կոմիտեում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թվականի ընթացքում ներկայացված 3808 հայտարարագրերում մաքսատուրքի գումարները հաշվարկվել և գանձվել են բարձր դրույքաչափերով: Տնտեսվարողների մի մասն օգտվելով ընձեռված հնարավորությունից, դիմել է ՊԵԿ և փոփոխություններ կատարել նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում՝ ավելի բարձր մաքսատուրքի դրույքաչափերը փոխարինելով որոշմամբ սահմանված ավելի ցածր դրույքաչափերով: Սակայն դեռևս 1678 կազմակերպություն տարբեր պատճառներով նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում չեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, փոփոխություններ կատարեն նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում, որպեսզի կարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: 

Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը:

 

Լրահոս

Դիտել ավելին