Կարևոր իրադարձություններ

Աշխատանքները՝ պարալիզացված. ինչ է սպասվում ընտրությունները բոյկոտած համայնքների բնակիչներին. «Ժողովուրդ»

18 Հունվար, 2022 09:33
Աշխատանքները՝ պարալիզացված. ինչ է սպասվում ընտրությունները բոյկոտած համայնքների բնակիչներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ծովագյուղ, Սեմյոնովկա համայնքների խոշորացման ճակատագիրը դեռ շարունակում է անորոշ մնալ։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի գյուղապետարանների աշխատանքները պարալիզացված են, չեն աշխատում։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։ Օրինակ՝ ծովագյուղցիները մասնավոր զրույցներում հպարտորեն հայտարարում են, որ իրենց գյուղի մասով «հատուկ որոշում է լինելու»։

Ծովագյուղի բնակիչները հույս ունեն, որ իրենց համայնքին միանալու է միայն Սեմյոնովկա գյուղը։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ Այս հարցում կառավարությունը կարծես թե լուռ է, համենայնդեպս այս ընթացքում որեւէ պաշտոնական հայտարարություն չկա։ «Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով կողմերին, հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ ճակատագիր է սպասվում այս գյուղերին։ Նախ զրուցեցինք Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի հետ, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով. «Ոնց կորոշեն… Սպասում ենք, չգիտենք։ Հուսով ենք, որ լավ կլինի։ Գյուղապետարանը չի աշխատում, սպասում ենք որոշման»։

Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզպետարանում եւս տեղյակ չեն, թե ինչ է լինելու այս գյուղերի հետ։ Մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ես ոչ մի ինֆորմացիա չունեմ, հստակ տեղեկություն դուք կարող եք ստանալ Սեւան խոշորացված համայնքի ղեկավարից»։

Բայց Սեւան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարճ պատասխանեց հարցին՝ նշելով. «Այս պահին անորոշ է, սպասում ենք, տեսնենք, թե ինչ որոշում կլինի»։ Բոլորը շունչները պահած սպասում են, գյուղապետերաննները տեւական ժամանակ է՝ չեն աշխատում, իսկ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում։ Հարցին պատասխան ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են եւ ներառված են Սեւան համայնքի մեջ։ Ասել է թե՝ հարցի լուծման այլ տարբերակ չկա»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին