Կարևոր իրադարձություններ

Վարդենիսի պոլիկլինիկան վերազինվեց ակնաբուժական ախտորոշիչ սարքով

15 Հունվար, 2022 10:06
Վարդենիսի պոլիկլինիկան վերազինվեց ակնաբուժական ախտորոշիչ սարքով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկան վերազինվեց ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետ» ախտորոշիչ սարքով։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Վերազինումն իրականացվեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում։

Ինչպես ներկայացրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված դասընթացների շրջանավարտ, դրամաշնորհային ծրագրի մասնակից եւ հաղթող, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունների ղեկավարի խորհրդական Արտակ Պողոսյանը, ծրագիրն իրականացվել է «Վարդենիսի տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու», թեմայի շրջանակներում՝ «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ-ի միջոցով։

Ակնաբուժական ախտորոշիչ սարքավորումը մատակարարվել է «Յունիմեդ» ՍՊԸ կողմից։

Վարդենիսի պոլիկլինիկայի ակնաբույժ Ժասմենա Վարդանյանի ներկայացմամբ` ակնաբուժական սարքը հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտնաբերելու եւ բուժելու կարճատեսությունը եւ հեռատեսությունը, կեռատոկոնուս եւ աստիգմատիզմ հիվանդությունները։

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի հավաստմամբ` ակնաբուժական ախտորոշիչ սարքն առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում։

«Այս ծրագիրն անչափ կարևոր ձեռքբերում է մարզի առողջապահության համար, քանի որ ախտորոշիչ սարքից կարող են օգտվել ոչ միայն Վարդենիսի, այլև մարզի մյուս տարածաշրջանների բնակիչները։ Սարքը արդյունավետորեն կծառայի նաեւ սկրինինգային հետազոտությունների, դեռահասների շրջանում ակնաբուժական հետազոտություններ իրականացնելու համար»,-նշեց Լուսինե Վարդանյանը։

Նույն ծրագրի շրջանակներում

«Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ կողմից Վարդենիս քաղաքի երիտասարդների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու մասին » թեմայով։ Դասընթացին մասնակցել են 140 ուսանող եւ դպրոցական։

 

Լրահոս

Դիտել ավելին