Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ

14 Հունվար, 2022 21:32
Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի հետ։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, իրականացվող միջոցառումների ընթացքին, ինչպես նաև նախատեսվող աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք մանրամասների։

Կարևորելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող մարդասիրական գործունեության համար․

«Մենք բարձր ենք գնահատում հատկապես կորոնավիրուսային համավարակի և հետպատերազմյան շրջանում ԱՍՀՆ հետ համագործակցության շրջանակում համատեղ իրականացված ծրագրերի դերն՝ ուղղված Հայաստանի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանը։ Հուսով ենք, որ նախատեսվող աշխատանքները ևս նույնքան արդյունավետ կլինեն՝ շարունակելով ընդգրկել ՀՀ գրեթե բոլոր մարզերը։ Բարձր ենք գնահատում Ձեր՝ ամենատարբեր խնդիրներին ականջալուր լինելու ու ճգնաժամային իրավիճակներում  հայտնված քաղաքացիներին հուզող խնդիրները մեղմելու պատրաստակամությունը»։

Թիերի Ռիբոն, անդրադառնալով երկարատև համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերին, նշել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այսօր էլ, հավատարիմ մնալով իր առաքելությանը, պատրաստակամ է ընդլայնել համագործակցության շրջանակն ու ավելի շատ մարդկանց օգնել։

«Մեր մարդասիրական գործունեության շրջանակում ուշադրության կենտրոնում ենք պահում տարաբնույթ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների, ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների, հակամարտության առնչությամբ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների հետ (ներառյալ՝ 1990-ականներին անհայտ կորածները)։ Մեր ծրագրերում նաև կարևորում ենք կրթության հասանելիության ապահովումը, հոգեսոցիալական աջակցությունը և տնտեսական խոցելիության նվազեցումը»,- նշել է Թիերի Ռիբոն։

Աննա Եղիազարյանն ԱՍՀՆ հետ սերտ համագործակցության ընթացքում իրականացված աշխատանքն արդյունավետ է որակել՝ ընդգծելով միջազգային գործընկերների դերը ռեսուրսների մոբիլիզացման գործընթացում, ինչպես նաև կամավորական ներուժի ներգրավումը, որը նպաստում է գործունեության առավել մատչելի, օպերատիվ և արդյունավետ կազմակերպմանը:

«Վերջին երկու տարիների մարտահրավերներով պայմանավորված՝ Քովիդ-19 և Ղաբարաղյան հակամարտության սրացում, մեր համագործակցությունը պետական կառույցների հետ առավել սերտ բնույթ է կրել, որի շրջանակում, ըստ կարիքի՝ անհրաժեշտ աջակցություն ենք ցուցաբերել։ Այժմ էլ, առաջնային արձագանքման փուլն ավարտելով, մարդասիրական ծրագրերին զուգահետ, շարունակում ենք իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ կենտրոնում պահելով զարգացման և ինտեգրման ուղղությունները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն, ինչպես նաև ընթացիկ աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին