Կարևոր իրադարձություններ

Մարզային փրկարարական վարչությունների պետերն առանձնացրել են 2022 թվականին նախատեսված հիմնական միջոցառումները և անելիքները․ ԱԻՆ

13 Հունվար, 2022 20:24
Մարզային փրկարարական վարչությունների պետերն առանձնացրել են 2022 թվականին նախատեսված հիմնական միջոցառումները և անելիքները․ ԱԻՆ

2021թ.-ին Գեղարքունիքի մարզում գրանցվել է` 688 արտակարգ դեպք և պատահար, որի հետևանքով զոհվել է 24 մարդ: 2020թ.-ի համեմատ արտակարգ դեպքերն ավելացել են 157-ով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

 Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների կողմից 2021 թվականի ընթացքում կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՄՓՎ պետերը, նիստերը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

 Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմն ամբողջ լողասեզոնի ընթացքում ուժեղացված ծառայություն է իրականացրել 3 հանրային լողափերում և թերակղզու փրկարար ծառայության հենակետում: Վերահսկվող տարածքներում ջրահեղձման որևէ դեպք չի գրանցվել. ջրափրկարարները 52 քաղաքացու կյանք են փրկել: Այս տարի առաջին անգամ Սևանա լճի տարածքում իրազեկման նպատակով գործի են դրվել անօդաչու թռչող սարքերը: Նոյեմբերի 20-ից Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում Մարտունու թիվ 33 ՀՓՋ ուժերով ծավալվել է առաջին օգնության կետ, որտեղ իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։

 Լոռու մարզային փրկարարական վարչության 2021 թվականի գործունեության առանցքում է եղել ստորաբաժանումների մարտունակության և կարգապահության բարձրացումը, արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգերի սահմանված կարգով սպասարկումը: 2021թ. ընթացքում մարզի տարածքում գրանցվել է 1324 արտակարգ դեպք և պատահար: Գրանցված դեպքերից 552-ը եղել են տեխնածին բնույթի, տարերային՝ 67, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 705-ը: 2020թ-ի համեմատ մարզում հրդեհները նվազել են 30%-ով, մեծ մասն արձանագրվել են անտառային և խոտածածկ տարածքներում: 2021թ.-ին տեղադրվել են 2 հիդրանտ և 7 ջրածորակներ:

 Մեծ Պարնի բնակավայրում հիմնվել է կամավորական հրշեջ հենակետ։ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի կողմից սկզբնական մասնագիտական գիտելիքներ ապահովելու նպատակով հրշեջ կամավորական խմբի հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ, տրվել է 1 հրշեջ մեքենա: Մեծ Պարնի համայնքի 27 կամավոր հրշեջ-փրկարարներին շնորհվել է «Փրկարար» որակավորման դաս:

 Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից անցած հաշվետու տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են տարվել քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման ուղղությամբ՝ բոլոր համայնքներում կազմակերպվել են ուսումնավարժանքներ: Համայնքներում և բնակավայրերում նորոգվել ու փորձարկվել են բնակչության ազդարարման համակարգերը: Տավուշի ՔՈՓ թիմի կողմից իրականացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով 32-ժամյա վարժանք։ Իջևան, Բերքաբեր, Կիրանց, Վազաշեն, Լուսաձոր, Այգեհովիտ, Աճարկուտ, Սարիգյուղ, Սևքար, Ազատամուտ, Բերդ, Նոյեմբերյան, Այրում և Կողբ համայնքներում անց են կացվել «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ։ Փրկարար ծառայությունը դրոն է տրամադրել, որը կիրառվում է դեպքերի և վարժանքների ժամանակ։ Տավուշի ՀՓՋ-ն համալրվել է «Ուազ 3972» և «Ռենո JP 1A 12S8250 ԱԲ 40», Դիլիջանի ՀՓՋ-ն՝ «ՄԱԶ 5334 ԱԲ-8» մակնիշների մեքենաներով:

  Մարզային փրկարարական վարչությունների պետերն առանձնացրել են 2022 թվականին նախատեսված հիմնական միջոցառումները և անելիքները, որոնք ուղղված են լինելու քաղաքացիական պաշտպանության ոլորտի գիտելիքների ուսուցմանը, գործնական միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխմանը, հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով անձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացումը և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին