Կարևոր իրադարձություններ

Նախագահների հանդիպումից հետո ԼՂ խնդրի կարգավորման հարցում չարժե բեկման սպասել

19 Հոկտեմբեր, 2015 12:23
Նախագահների հանդիպումից հետո ԼՂ խնդրի կարգավորման հարցում չարժե բեկման սպասել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը ոչ մի արդյունք չի բերի։ Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Տալլինում գտնվող Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան։

Նրա խոսքով՝ առաջիկա հանդիպումից հետո հակամարտության լուծման հարցում բեկման սպասել չարժե։

«Անհնար է հասնել խաղաղության, քանի դեռ կողմերի միջև բացակայում է վստահությունը։ Ես ոչ մի շանս չեմ տեսնում առ այն, որ հանդիպումն արդյունք կտա, սակայն, այն պետք է կայանա, որպեսզի սկսվի վստահության կառուցումը, ինչն ինքնին բարդ և տևական գործընթաց է»,- ասել է Բրայզան։

Ինչպես նշել է Բրայզան, Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության լուծմամբ, նրան գոհացնում է «ոչ խաղաղություն և ոչ պատերազմ» վիճակը, որը թույլ է տալիս շահարկել կողմերին։ «Պատերազմը Ռուսաստանին նույնպես պետք չէ, սակայն առաջխաղացման շանսեր ներկա պահին չկան»,- ասել է նա։

Բրայզայի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը պետք է շարունակի երկրի ամրապնդման իր կուրսը, օգտվի նավթի գների անկման շրջանից՝ որոշ բարեփոխումներ անցկացնելու համար, ուժեղացնի տնտեսության արդյունավետությունը։

Այս իրավիճակում Հայաստանը, նրա խոսքով՝ պետք է նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից, ռուսական ներդրումներից ու էներգետիկայից։

«Ռուսաստանը տնօրինում է Հայաստանի ողջ առանցքային ենթակառուցվածքը, ինչը Սարգսյանի դիրքերը շատ խոցելի են դարձնում այդ երկրի առջև»,- ասել է Բրայզան։

 

Լրահոս

Դիտել ավելին