Կարևոր իրադարձություններ

Եվս մեկ ժամանակավոր ցուցադրություն վիրտուալ հարթակում Վիրտուալ շրջայց Հայոց ցեղասպանության թանգարանում

13 Հունվար, 2022 13:43
 Եվս մեկ ժամանակավոր ցուցադրություն վիրտուալ հարթակում Վիրտուալ շրջայց Հայոց ցեղասպանության թանգարանում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը, շարունակելով համագործակցել On Point կազմակերպության հետ, առցանց հարթակում ներկայացնում է ևս մեկ ժամանակավոր ցուցադրություն «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով: Այցելելով ՀՑԹԻ կայքէջ հնարավոր է «վիրտուալ շրջայց» կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներից մեկը և առցանց տիրույթում տեսնել բացառիկ ցուցանմուշներ, շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տեսնել, այլև պատկերը խոշորացնելով կարդալ հիմնական տեքստերը, բացատրագրերը, զննել ցուցանմուշները:
 
▪ Նախաձեռնության հեղինակները Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանն են, ովքեր իրենց աշխատանքով յուրահատուկ հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք այս կերպ փորձել են Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց:
 
▪ Հայոց ցեղասպանության թանգարանի «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» ժամանակավոր ցուցադրությանը կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով՝ http://www.genocide-museum.am/arm/13.01.22.php: Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Այն ներկայացված է հինգ պանելներով, որոնք անդրադառնում են
 
1. Հայկական պահանջատիրության էությանը, ձևավորմանը և փուլերին,
2. «Լքյալ գույքի» մասին օրենքներին և դրանց իրավական զարգա-ցումներին ողջ 20-րդ դարի ընթացքում, այսինքն, ոչ միայն սուլթանական, այլ նաև նրան շարունակող պետության՝ հանրապետական Թուրքիայում, ընդհուպ մինչև 21-րդ դար,
3. 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական պատվիրակության ներկայացրած հատուցման պահանջներին,
4. Հայկական պահանջատիրության փաստաթղթային հենքերին՝ անհատ քաղաքացիների և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերին,
5. Հայկական պահանջատիրության «սահմաններին»՝ պետության/ իշխանությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների դիրքորոշումներին։
 

Լրահոս

Դիտել ավելին