Կարևոր իրադարձություններ

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

11 Հունվար, 2022 17:39
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Հունվարի 11-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ Արման Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մշտական ներկայացուցիչը վերահաստատեց ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը՝ կարևորելով ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ Արման Խաչատրյանը շեշտեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Արցախ միջազգային կազմակերպությունների անխափան մուտք ունենալու, ինչպես նաև ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։

Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը:

Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ գլխավոր քարտուղար Պեյչինովիչ Բուրիչը մաղթեց արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման և զարգացման գործի։

 

Լրահոս

Դիտել ավելին