Կարևոր իրադարձություններ

Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը. նախագահը ցավակցել է բանաստեղծի ընտանիքին և հարազատներին

11 Հունվար, 2022 14:43
Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը. նախագահը ցավակցել է բանաստեղծի ընտանիքին և հարազատներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչների մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։

Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը՝ ի սկզբանե համահունչ լինելով ժամանակին և իրականությանը։

Ավելի քան վեց տասնամյակ նրա յուրահատուկ ու բազմաշերտ ստեղծագործությունը որպես պոեզիա ու արձակ, որպես երգի վերածված բանաստեղծություն ու հրապարակախոսություն, որպես մարդկային զգացմունք և քաղաքացիական մտահոգություն ուղեկցում է մեզ։

Այն շարունակելու է այդպիսին մնալ նաև հետագա ժամանակներում, քանզի Ռազմիկ Դավոյանը ստեղծագործ անհատ էր ու հայրենիքի ճակատագրով ապրող քաղաքացի։

Ցավակցության և մխիթարանքի խոսքերս եմ հղում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին և հարազատներին, նրա գրչակից ընկերներին և նրա գրականությունը գնահատողներին»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին