Կարևոր իրադարձություններ

Նոր ղեկավարներ՝ Սյունիք և Շիկահող բնակավայրերում

10 Հունվար, 2022 19:17
Նոր ղեկավարներ՝ Սյունիք և Շիկահող բնակավայրերում

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հունվարի 8-ին աշխատանքային այցով եղել է Սյունիք և Շիկահող գյուղական բնակավայրերում և տեղի բնակիչներին ներկայացրել նշյալ գյուղերի նորանշանակ ղեկավարներին՝ Գառնիկ Հարությունյանին և Զորիկ Նավասարդյանին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարներ Արթուր Մանուչարյանին և Տիգրան Հովհաննիսյանին՝ կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար, իսկ նորանշանակ ղեկավարներին մաղթել բեղմնավոր ու հետևողական աշխատանք գյուղի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ։ Նշենք, որ Տիգրան Հովհաննիսյանը Շիկահող գյուղի բնակիչ է, ով հասարակական հիմունքներով ստանձնել էր վարչական ղեկավարի պարտականությունների կատարումը՝ գյուղի վարչական ղեկավարի աշխատանքից ազատվելուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք Կապանի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունից։

Եվ՛ Սյունիք, և՛ Շիկահող գյուղական բնակավայրերում համայնքի ղեկավարը անմիջական շփումներ ունեցավ բնակիչների հետ, ներկայացրեց առաջիկայի համար նախատեսված ծրագրերը, լսեց նրանց հուզող հարցերն ու դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, գյուղամիջյան ճանապարհներին, խմելու և ոռոգման ջրերին։

Բարձրաձայնված խնդիրներին համայնքի ղեկավարը տվեց սպառիչ և ամբողջական պատասխաններ։ Որոշ հարցերի առնչությամբ էլ հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը՝ դրանց լուծում տալու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին