Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    540
    556

  • RUB

    6,21
    6,45

Կարևոր իրադարձություններ

Արձագանք ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրումներին

07 Հունվար, 2022 18:10
Արձագանք ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրումներին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը հունվարի 5-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով երեք հարցադրում էր արել ՀՀ գլխավոր դատախազին, որոնց կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը:

 

Ինչպես Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին աշխատավայր մուտք գործել չթույլատրելու դեպքերի, այնպես էլ Երևանի ավագանու նիստին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և այլոց կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և կից տեսանյութերը վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել:

 

Արդյունքում` Վարդենիսի համայնքապետարանի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ըստ դրա արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ:

 

Իսկ Երևանի ավագանու հայտնի նիստում արված հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից նույն օրն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ: Ընդ որում, այդ մասին ՀՀ դատախազությունը հանրությանը տեղեկացրել է հենց նույն օրը: Հայտարարությունների մի մասով արդեն սկսվել են նյութեր նախապատրաստվել, իսկ մյուս մասով դեռևս ստուգողական գործողությունները շարունակվում են:

 

Այս իմաստով, թերևս հարկ չկա նշելու, որ քրեական հետապնդում հարուցելու հարցին (ինչի մասին հարցադրում է անում պատգամավորը) հնարավոր է անդրադառնալ միայն բավարար հիմքերի առկայությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում:

 

Ինչ վերաբերում է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, նմանատիպ այլ գործերով նույն հանցակազմով մեղադրանքների պարագայում անազատության հետ չկապված խափանման միջոցներին նախապատվություն տալու վերաբերյալ հարցադրմանը, ապա այն որևէ կապ չունի կալանավորման պայմանների և հիմքերի վերաբերյալ իրավակարգավորումների հետ։ Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։

 

Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք  նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ Хանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։

 

Համենայն դեպս՝ նույն մեղադրանքով կալանքի տակ գտնված անձանցից որևէ մեկն ապօրինաբար չի պահել այնպիսի հրազեն ու ռազմամթերք, ինչ, ըստ մեղադրանքի, Աշոտ Մինասյանը, այն է՝ 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ՝ յուրաքանչյուրում 2160 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, տրոտիլ (․․․․)։

 

Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը որպես փաստաբան մասնակցել է Աշոտ Մինասյանի գործով վարույթին և նրան առաջադրված մեղադրանքին ծանոթ է, հարկ չենք համարում շարունակել թվարկել Մինասյանին պատկանող շինությունում հայտնաբերված ապօրինի պահված ռազմամթերքի տեսակները։

 

Լրահոս

Դիտել ավելին