Կարևոր իրադարձություններ

Սպառողների բեռն ավելացավ. արդյոք հնարավոր չէ՞ր չթանկացնել. «Հայաստանի Հանրապետություն»

29 Դեկտեմբեր, 2021 09:19
Սպառողների բեռն ավելացավ. արդյոք հնարավոր չէ՞ր չթանկացնել. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Դեկտեմբերի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ 2021 թ. սեպտեմբերի 25-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակներում բոլոր դրական ու բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թ. փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները։

Դեկտեմբերի 20-ին, ի լրումն այս հայտարարության, հանձնաժողովը տեղեկացրեց, որ բոլոր դրական եւ բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թ. փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ի թիվս էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած գործոնային այլ փոփոխությունների՝ նշված գումարի առաջացման հիմնական գործոնները հետեւյալներն են.

1. ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ դեռեւս 2013 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը եւ համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլեւ կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում, սկսած 2022 թ. փետրվարի 1-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միեւնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակներում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարվա ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում)։

2. Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում, զգալիորեն ավելացել են ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման եւ սպասարկման ծախսերը։

Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):

Ընդ որում՝ առաջարկվում է՝ ա) սոցիալապես անապահովների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը) սակագները թողնել անփոփոխ, բ) ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), գ) ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը) համար սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), դ) մնացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Դեկտեմբերի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նկատել էր, որ իրենց հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտություն է էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 4.7 դրամով բարձրացնել։ Տարբեր մոտեցումներ են կիրառվելու ըստ սպառման ծավալի։ Հարցը կքննարկվի դեկտեմբերի 29-ի նիստում, եւ կկայացվի որոշում։ Այդ դեպքում այն ուժի մեջ է մտնելու 1 ամիս հետո, փետրվարի 1-ից։

Սպառողների բեռն ավելացավ։ Արդյոք հնարավոր չէ՞ր չթանկացնել, նկատենք, որ էներգետիկ փորձագետները իրավիճակը պայմանավորում են ոչ ճիշտ կառավարման գործոնով։

ՀԾԿՀ վարչության պետը ճեպազրույցում նշել է. «Ընդհանուր գործող սակագները եթե պահպանեինք մի մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք, եւ եթե սակագների բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կունենայինք եկող տարի անխափան եւ հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հարցում»։

Հավելենք, որ էներգետիկայի մասին օրենքի համաձայն՝ սակագնի բարձրացում երկու տարբերակով կարող է լինել. կամ համապատասխան հայտով ընկերություններն են դիմում, կամ սեփական նախաձեռնությամբ հանդես է գալիս ՀԾԿՀ-ն։

Այս դեպքը ՀԾԿՀ-ի տարբերակն է։ Այս իրավիճակում հնարավո՞ր է, որ «գիշերային սակագին» ասվածն այլեւս չգործի։ Պարզվեց՝ գործելու է։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային եւ գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ եւ 19.99 դրամ (առայժմ՝ ըստ առաջարկի): Ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-ից մինչեւ 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Իսկ 400 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:

Հարց է ծագում՝ իսկ ՀԿԾՀ-ում սակագների վերանայման մասով աշխատանքային քննարկումը ի՞նչ կազմով է։ Պարզվեց՝ քննարկումն անցկացվում է սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների եւ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դեկտեմբերի 29-ի նիստից հետո սակագների հետ կապված պատկերը կորոշակիանա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին