Կարևոր իրադարձություններ

Խնդիր, որը միայն տնտեսական չէ. «Հայաստանի Հանրապետություն»

08 Դեկտեմբեր, 2021 08:30
Խնդիր, որը միայն տնտեսական չէ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ չկան զուտ տնտեսական եւ զուտ քաղաքական հարցեր։ Ավելին՝ նույն այդ աշխարհը բազմիցս է ապացուցել, որ «գեոպոլիտիկա» (աշխարհաքաղաքականություն) եւ «գեոէկոնոմիկա» (աշխարհատնտեսություն) եզրույթները գործնականում այնքան են սերտաճած, որ երբեմն անհնար է հասկանալ՝ խնդիրը քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական դաշտում է։ Օրինակ՝ Ժողովրդավարության հայր համարվող ԱՄՆ-ն ձեռքի մի շարժումով հետ է կանչում իր գործարարներին այն երկրներից, որոնց հետ տվյալ պահին ինչ-ինչ քաղաքական խնդիներ է ունենում եւ այլն։ Զարգացած պետությունների վարքագիծը ցույց է տալիս, որ չկան զուտ տնտեսական հարցեր՝ առանց անվտանգության բաղադրիչի, ավելին՝ առանց պետական ու ազգային շահի հեռանկարի։

Այս համապատկերին «ՀՀ»-ն նախորդ տարի ողջունեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը (ի դեպ, մենք մինչեւ պատերազմն էլ ենք հանդես եկել նման առաջարկով), բայց ամիսներ անց դիտարկում անելով փաստեց, որ, չնայած արգելքին, վաճառքի պակաս չկա։ Հարցը դիտարկել էինք ոչ միայն տնտեսական, այլեւ բարոյական (ազգային արժանապատվության) տեսանկյունից։ Ի՞նչ է կատարվում հիմա։

Եթե հակիրճ, ապա՝ Թուրքիայից ապրանքների ներմուծումը նվազել է, բայց դարձյալ վաճառքի պակաս չկա։ Տոնավաճառներում, «մոլերում», հանրախանութներում թուրքական ապրանքը վաճառքում լիուլի է։ Ինչեւէ։Փորձենք այս ամբողջ իրավիճակը հասկանալ նաեւ պաշտոնական տվյալներով՝ սկզբից։

Կառավարության 2020 թ. հոկտեմբերի 20-ին որոշում եղավ։ Թիվ 1708-Ն որոշմամբ արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներմուծումը 6 ամսով, դեկտեմբերի 31-ից սկսած: Արգելվեց 6 ամսով, որովհետեւ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII եւ VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ: Եվ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ Բայց ոչ մի բան չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը եւս 6 ամսով, եւ այդպես շարունակ։

Այդ ժամանակ արգելված ապրանքների ցանկը բազմազան էր: Սկսած կոշիկի քսուկից մինչեւ մանկական հագուստ, տարատեսակ տնկաշիվերից, ճյուղերից ու սոխուկներից մինչեւ հանքային կամ քիմիական, ազոտական պարարտանյութեր, սառեցրած ձկից մինչեւ թարմ լոլիկ ու շինարարական նյութեր։

Այնուհետեւ 2021 թ. փետրվարի 4-ին մեկ այլ որոշում եղավ, եւ այս՝ թիվ  140-Ն որոշմամբ փոփոխություններ արվեցին 2020 թ. հոկտեմբերի 20-ի որոշումում: Սահմանվեց, որ արգելքը չի տարածվում «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա: Արգելքը չի տարածվում նաեւ այն ապրանքների վրա, որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 20-ը, եւ այդ ապրանքները նույնականացվում են մաքսային մարմինների կողմից: Նաեւ՝ ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող եւ թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների եւ դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը: Եվ փետրվարի 4-ի որոշումն ուժի մեջ մտավ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ուշադրություն դարձնենք. այո, թուրքական ծագում ունեցող կենդանական եւ բուսական ծագման արտադրանքների, ինչպես նաեւ սննդամթերքի ներմուծման վրա ամբողջական արգելք է, բայց դա էլ բացառություն ունի. այն գործարարները, որոնք մինչեւ առաջին որոշումը՝ 2020 թ. հոկտեմբերի 20-ը, կնքել են մատակարարման պայմանագրեր, 2021 թ.  շարունակեցին ներմուծում իրականացնել: Թուրքական ապրանքների ներկրման արգելքի առաջին որոշումից 6 ամիս անց՝ 2021 թ. հունիսի 24-ի 1048-Ն որոշմամբ դարձյալ 6 ամսով արգելք եղավ։ Որոշումն ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից։ Հիմա անդրադառնանք վիճակագրական կոմիտեի տվյալներին։ ՀՀ Թուրքիայից ներմուծումը 2016 թ. եղել է 166.65 մլն ԱՄՆ դոլարի, 2017 թ. այդ ցուցանիշը աճել է՝ հասնելով 222.90 մլն դոլարի։ 2018 թ. ցուցանիշը դարձյալ հօգուտ Թուրքիայի է փոխվել՝ 252.60 մլն դոլար։ 2019 թ. այն արդեն հասել է 268.10 մլն դոլարի։ 2020 թ. արդեն նվազում է արձանագրվել՝ Թուրքիայից ՀՀ է ներկրվել 230.80 մլն դոլարի ապրանք։ Մեկ այլ տվյալ. 2021 թ. հունվար-սեպտեմբերին 2020 թ. նույն ժամանակահատվածի համեմատ թուրքական ապրանքների ներկրման 3.3 անգամ նվազում կա։

Փաստորեն՝ ինչ է ստացվում, թուրքական ապրանքի ներկրման արգելքը կա, բայց վաճառքում թուրքական ապրանքի պակաս չկա։ Դա կարող է լինել երկու պատճառով. նախ՝ իրականում ոչ ամբողջական, այլ՝ ընտրանքային արգելքի։ Այսինքն՝ թույլատրվում է ներկրել հումք կամ սարքավորում։ Երբ ուսումասիրեցի թեման, պարզվեց՝ նորմալ պրակտիկա է համարվում ընտրանքային ներկրումը (դա նույնիսկ ԱՄՆ-ում է կիրառվում, ԵՄ-ում եւն), որը նման իրավիճակներում սեփական արտադրողին պաշտպանելու միտում ունի։ Կա նաեւ երկրորդ պատճառը, որ, ասենք, հումքի անվան տակ հենց պատրաստի հագուստ է ներկրվում (տոնավաճառներում իմ հարցումները դա են ցույց տվել) կամ, հնարավոր է, կրկնում ենք, հնարավոր է, ծագման երկրի սերտիֆիկատն է փոխվում, ինչն արդեն խախտում է։ Սրանք հարցեր են, որ դեռ պարզաբանման կարիք ունեն… Մինչ այդ իրականությունը, ինչպես ասացինք վերեւում, սա է. ներկրումը նվազել է շեշտակի, վաճառքը չի պակասել։

Իրավիճակից ելք են առաջարկում հայաստանցի որոշ գործարարներ։ «Մանթաշով» գործարարների միություն» ՀԿ-ն, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բաց նամակ են հղել՝ առաջարկելով թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգել, նաեւ թուրքական ապրանքների նկատմամբ բացի մաքսային արգելքից, կիրառել նաեւ վաճառքի արգելք։

Գործարարներն առաջարկում են, որպեսզի ՀՀ կառավարության կողմից երկարաձգվի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով՝ հետեւյալ հիմնավորմամբ եւ պատճառաբանությամբ. 1. Հայկական շուկայից թուրքական ծագման ապրանք ներկրող ընկերությունների դուրս գալուց հետո բազմաթիվ ոլորտների հայկական արտադրողներ մեծացրել են իրենց արտադրությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ փորձելով բավարարել շուկայի պահանջարկը, ուստի այս պահին թուրքական ապրանքների ներկրումը թույլատրելու դեպքում թուրքական ապրանքներ արտադրողները եւ ներկրողները նորից քայլեր կձեռնարկեն հայկական շուկան հետ գրավելու ուղղությամբ, ինչը ծանր դրության մեջ կդնի նոր ստեղծված կամ նոր ներդրումներ ստացած հայկական ընկերություններին։ 2. Արգելքը չերկարացնելու հիմնավորումներից մեկն այն է, որ ցանկացած դեպքում ծագման երկրի հավաստագիրը փոխելու միջոցով թուրքական ապրանքը շարունակում է նույն ծավալներով ներկրվել Հայաստանի Հանրապետություն։ Նախեւառաջ, ցանկանում ենք ընդգծել, որ, վիճակագրական տվյալների համաձայն, տեղի է ունեցել ներկրման ծավալների էական կրճատում, մասնավորապես՝ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան նվազել է 3.3 անգամ։ Բացի այդ, ծագման երկրի հավաստագիրը փոխելու մասին հայտարարությունները հիմնավոր չեն, քանի որ չկան վիճակագրական տվյալներ կամ ապացույցներ նման հավաստագրերով ներկրվող ապրանքների քանակի կամ ծավալի մասին։ Ընդ որում, նման արարքի վերաբերյալ տվյալների տիրապետող անձինք պարտավոր են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ծագման երկրի հավաստագրի կեղծումը քրեորեն պատժելի արարք է։ 3. Ըստ էության, թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսությունում որեւէ ցնցում չառաջացրեց, քանի որ թուրքական ապրանքների տեղն արագ զբաղեցրեց ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրների ծագման արտադրանքը, հետեւաբար թուրքական ծագման ապրանքների ներկրումը կրկին թույլատրելը չունի որեւէ տնտեսական հիմնավորում։

Ի դեպ, գործարարները հավելում են, որ հարցը տնտեսական կողմից զատ ունի նաեւ բարոյական եւ հուզական կողմ (ինչի մասին հենց մենք նշեցինք,- Ա.Մ.). 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների, այնպես էլ այս պահին ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող անհանգստությունների շրջանակներում Թուրքիան բարոյական եւ նյութական աջակցություն է ցուցաբերել ադրբեջանական բանակին՝ Հայաստանի եւ հայ ազգի դեմ ուղղված հանցագործությունների իրագործման շրջանակներում։ Ավելին՝ գործարարները համոզված են, որ թուրքական ծագման ապրանքների ներկրման եւ սպառման նկատմամբ պետք է կիրառվեն լրացուցիչ սահմանափակումներ։ «Այսպես, թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում ենք բացի մաքսային արգելքից, նաեւ կիրառել վաճառքի արգելքը։ Վաճառքի արգելքի կիրառման պայմաններում ՀՀ ՊԵԿ մարմինները կկարողանան իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, ինչի արդյունքում թուրքական ապրանքների ներկրումը որեւէ գաղտնի ճանապարհով կդառնա անիմաստ, քանի որ ցանկացած դեպքում դրա վաճառքը կլինի անհնարին»։

Գործարարների այս խումբն առաջարկում է նաեւ «արգելել թուրքական ընկերություններին պատկանող ապրանքանշանների ներքո արտադրվող ապրանքների վաճառքը Հայաստանում՝ անկախ դրանց արտադրման երկրից, ինչը նույնպես ավելի արդյունավետ կդարձնի պատկան պետական մարմինների կողմից վերահսկողական վարչարարության իրականացումը հայկական շուկայում թուրքական ընկերությունների գործունեության նկատմամբ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 



 

Լրահոս

Դիտել ավելին