Կարևոր իրադարձություններ

Այսքան ապացույցներ ունենալով՝ պարտվեցինք. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն. «Ժողովուրդ»

08 Դեկտեմբեր, 2021 08:05
Այսքան ապացույցներ ունենալով՝ պարտվեցինք. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մոտ մեկ ամիս առաջ համացանցում մերձիշխանական գործիչները տարածում էին տեղեկություն, թե ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում Հայատանը ջախջախիչ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ: Բոլորս շնչակտուր սպասում էինք վերջնարդյունքին, որն, անշուշտ, պիտի ազդարարեր Ադրբեջանի վայրագությունների համար պատժիչ գործողությունների սկիզբը, բայց, ոչ, հերթական հիասթափությունն ապրեցինք. Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը անհրաժեշտ համարեց երկու կողմերին՝Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված լրացուցիչ միջոց ձեռնարկել:

Ըստ այդմ, պետք է Ադրբեջանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար: «Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է բանտարկյալներին պաշտպանի բռնությունից եւ վնասից… եւ պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից»,- ասել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն: Նույն դատավորը նաեւ Հայաստանին է կոչ արել քայլեր ձեռնարկել ադրբեջանցիների հանդեպ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար՝ հավելելով. «Հայաստանը, համապատասխան իր ստանձնած պարտավորությունների՝ կապված ռասայական խտրականության ցանկացած ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հետ, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, որպեսզի կանխի ռասայական ատելության հրահրումն ու սանձազերծումը ադրբեջանցիների հանդեպ, այդ թվում՝ իր տարածքում գտնվող կազմակերպությունների եւ անձանց կողմից»,- ասել է դատավորը՝ հրապարակելով Բաքվի հայցն՝ ընդդեմ Երեւանի՝ Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի խախտման մեղադրանքով։

Այսպիսով, ինչ է ստացվում. նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ն բոլոր գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը ոչ միայն պահում, այլեւ խոշտանգում ու դատում է մեր գերիներին, մաս-մաս իր նպատակահարմարությամբ վերադարձնում է, սակայն ՀԱԱԳԱ-ի դատարանը հավասարության նշան է դնում մեր ու Ադրբեջանի միջեւ եւ հայցի ապահովման միջոց կիրառում նաեւ ՀՀ-ի նկատմամբ:

Իսկ ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն մեր երկրի ներսում. ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած խումբը պետք է ոչ միայն հայց ներկայացներ Բաքվի դեմ, այլեւ հիմնավորեր ու պաշտպաներ հայցը: Իսկ ՀՀ գլխավոր դառախազ Արթուր Դավթյանը, որ պարբերաբար հայտարարում է, թե քրգործ է հարուցվել ադրբեջանական այս կամ այն վայրագության առիթով, եւ դրանք օգտագործվելու են միջազգային ատյաններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, պետք է կարողանար քրգործերի շրջանակներում այնպիսի ապացույցներ հավաքել Ադրբջանի դեմ, որ անհերքելի լինեին: Բայց ստացվում է՝ այսքան ապացույցների պայմաններում Հայաստանը փաստացի խոցելի վիճակում է հայտնվում: Կա՛մ Եղիշե Կիրակոսյանի խումբը չի կարողացել իբրեւ անհերքելի ապացույց պատշաճ ներկայացնել մեր փաստարկները, կա՛մ դատախազության հավաքած ապացույցները բավարար չեն եղել (ինչպես շատ աղմկահարույց քրգործերի դեպքում, դրանք էլ են փուչիկ):

Մի խոսքով, բյուրավոր ապացույցներ ունենալով՝ էլի դատարանում (այս փուլում փաստացի) պարտվեցինք: Մնում է սպասել քննության ավարտին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին