Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում Ալեն Սիմոնյանը անդրադարձավ համացանցում հայտնված գաղտնի տեսանկարահանած տեսանյութին, որտեղ ինքն ասում է՝ «գերիներն իր համար մեռած են, այլևս չկան»։ Նա նշեց, որ տեսանյութը մոնտաժված է։
Նա նշեց, որ քաղաքացու հետ զրույցի ժամանակ նկատել է, թե ինչպես է մի աղջիկ հեռախոսով գաղտնի նկարում․
«Եթե չեմ սխալվում՝ անունը Հասմիկ էր, որ հեռախոսը պահել էր։ Ասացի՝ խնդրում եմ չնկարահանել, որովհետև զրույցի ենք բռնվել, որը չեմ ուզում հրապարակային ասել։ Նա ասաց, թե՝ «չէ, ինչ եք ասում»։ Նյութը մոնտաժված է, խոսքը բանակցությունների մասին է, խոսքը տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին է: Նման իրավիճակներն օգտագործվում են Հայաստանի շահերը հետ մղելու համար։ Բոլոր այն մարդիկ, որոնք նման քայլ են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն»,- ասաց ԱԺ նախագահը: