Կարևոր իրադարձություններ

Թուրքական բարձրագույն իշխանության նման խոստովանանքները ոչ այլ ինչ են, քան ծաղրանք ողջ քաղաքակիրթ աշխարհի հասցեին. «Հայաստանի Հանրապետություն»

07 Դեկտեմբեր, 2021 09:21
Թուրքական բարձրագույն իշխանության նման խոստովանանքները ոչ այլ ինչ են, քան ծաղրանք ողջ քաղաքակիրթ աշխարհի հասցեին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Հայկական հանրապետությունների պաշտոնական ներկայացուցիչները եւ հասարակական կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել են, որ արցախյան 44-օրյա պատերազմի հրահրողը եւ անմիջական մասնակիցը եղել է Թուրքիան: Այսօր արդեն այդ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներն են հաստատում հանրահայտ փաստը: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն օրերս խոստովանել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը մասնակցել է Արցախի դեմ կազմակաերպված ագրեսիային։

Թուրքական «Haberler»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության համար նախատեսվող բյուջեի քննարկումների ժամանակ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ այս երկրի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) Թուրքիայի շահերի օգտին ակտիվ գործունեություն է ծավալել Լիբիայում, Ղարաբաղում եւ Աֆղանստանում:

Իրականում Թուրքիայի բոլոր ռազմական եւ անվտանգության կառույցները լիարժեքորեն ներգրավված են եղել արցախյան պատերազմում, որոշ ստորաբաժանումներ անմիջական մասնակցել են ռազմական գործողություններին: Անկարայի հատուկ ծառայություններն էին Սիրիայից ծայրահեղական ջիհադիստ վարձկաններին տեղափոխել Ադրբեջան, որոնք հետագայում ներգրավվեցին պատերազմում՝ կրելով զգալի կորուստներ, իսկ երկուսը գերեվարվեցին ԱՀ պաշտպանության բանակի կողմից: Այսօր էլ նույն Թուրքիան վերջիններիս տեղափոխում է Նախիջեւանի տարածք՝ ստեղծելով 44-օրյա պատերազմի նախավիճակ:

Թուրքական «F-16»-ներն էին ակտիվ մասնակցում ռազմական գործողությունների, եւ հենց վերջիններիս օգնությամբ պատերազմի առաջին օրերին ՀՀ տարածքում խոցվեց հայկական «ՍՈւ 25» ինքնաթիռը, իսկ ողջ ռազմական գործողությունների ժամանակ թուրքական օդուժը թիկունքից ապահովում էր ադրբեջանական ինքնաթիռների հարձակումները, որոնց զգալի մասն այնուամենայնիվ խոցվեց Արցախի հակաօդային զորքերի կողմից: Պատերազմի ընթացքի եւ ելքի վրա որոշիչ ազդեցություն ունեցած բայրաքթարները կառավարել են թուրք ռազմական օպերատորները, քանի որ պատերազմի մեկնարկից ընդամենն ամիսներ առաջ ձեռք բերած անօդաչուների կառավարումն այդ երկրի զինված ուժերը չէր կարող յուրացնել: Սրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հրադադարի հաստատումից միայն 4 ամիս անց ադրբեջանցի զինծառայողների համար Թուրքիայի զինված ուժերը կազմակերպեց բայրաքթարների կառավարման ուսումնական վարժանքներ:

Վերջապես բազմաթիվ են փաստերը եւ տեղեկատվությունների արտահոսքերն այն մասին, որ Թուրքիայի բանակի բարձրագույն ղեկավարությունն է գծագրել եւ ղեկավարել ռազմական գործողություններն արցախյան ողջ պատերազմի ընթացքում: Թուրքիան նաեւ իր տարածքից էր հետախուզություն իրականացնում եւ աջակցում Ադրբեջանին: Պատերազմի օրերին ՀՀ-ի սահմանի մոտ մշտապես երկնքում էր թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարքը, որը դիտարկում էր «Էրեբունի» օդանավակայանի, Գյումրու ավիաբազայի ինքնաթիռների, ուղղաթիռների թռիչքները, օդային կապ հաստատում Արցախում ռազմական գործողություններին մասնակցող թուրքական ու ադրբեջանական ռազմական օդանավերի հետ:

Այսպիսով՝ Թուրքիան կազմակերպել, ղեկավարել եւ անմիջական մասնակցություն է ունեցել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային, փորձել է պատերազմով եւ տասնյակ հազարավոր կյանքերի գնով լուծել Արցախի հարցն այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում էր քաղաքական կարգավորման գործընթաց: Ստացվում է, որ իրականում Ադրբեջանը եւ Թուրքիան այդ բանակցությունների երկար մարաթոնն օգտագործում էին իրենց զինված ուժերին ընդամենը ագրեսիայի նախապատրաստելուն, քանի որ համաձայն չէին հակամարտության խաղաղ կարգավորման միակ սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ: Իսկ այսօր ասել, որ հակամարտությունը լուծված է, նույնպես հնարավոր չէ, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմից հետո հիմնախնդիրը տեւական, եթե չասենք՝ առնվազն մի քանի տասնյակ տարով հեռացվեց լուծման քաղաքական գործընթացից:

Իսկ թուրքական բարձրագույն իշխանության նման խոստովանանքները ոչ այլ ինչ են, քան ծաղրանք ողջ քաղաքակիրթ աշխարհի հասցեին: Այն Թուրքիայի հանցագործություններին պատշաճ գնահատականների չարժանացնելու հետեւանք է, ինչն արդեն ազատ է արձակել այդ երկրի ձեռքերը՝ ավանդույթի համաձայն, հերթական ոճրագործությունները հեղինակելու համար: Թուրքիայի գործողությունների նկատմամբ նման լոյալ վերաբերմունքով համաշխարհային կառույցներին եւ հանրությանը մնում է միայն սպասել հերթական ռազմական ագրեսիաներին այլ տարածաշրջաններում եւս: Իրադարձությունների զարգացման այս տրամաբանության դեպքում ապակայունացումներից չեն կարող զերծ մնալ նաեւ հենց եվրոպական երկրները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին