Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանն ու Հալեպի նահանգապետը քննարկել են հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները

04 Դեկտեմբեր, 2021 14:02
ՀՀ դեսպանն ու Հալեպի նահանգապետը քննարկել են հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները
ՀՀ դեսպանի աշխատանքային այցը Հալեպ
 
Աշխատանքային այցով Հալեպում գտնվող ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը ս/թ. դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հալեպի նահանգում առկա սոցիալ-տնտեսական հարցերը, այդ թվում՝ հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև նահանգի հետպատերազմյա վերականգնման աշխատանքների ընթացքը:
 
Դեսպան Տ. Գևորգյանը նահանգապետին տեղեկացրել է, որ Հալեպ է ժամանել Հայաստանի Հանրապետության ՙՙՀումանիտար ականազերծման և փորձագիտական՚՚ Կենտրոնի առաքելության հերթական՝ 8-րդ հերթափոխը: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ հումանիտար առաքելության նախորդ հերթափոխերի աշխատանքների արդյունքում Հալեպի նահանգում ականազերծվել է ավելի քան 750 հազար քառակուսի մետր տարածք, վնասազերծվել է 580 միավոր պայթուցիկ սարքեր, իսկ առաքելության կազմում գործող հայ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նահանգի շուրջ 36 հազար բնակչի:
 
Նահանգապետ Դիաբը խորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ դժվարին այս շրջանում Սիրիայի ժողովրդին օգնության և բարեկամության ձեռք մեկնելու համար: Վերջինս պատրաստակամություն է հայտնել իր կողմից անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հալեպում գործող հայկական եկեեցիներին, դպրոցներին, մշակութային ու մարզական միություններին և, առհասարակ, հալեպահայ համայնքին:
 
Նույն օրը՝ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Հայաստանի հումանիտար առաքելության կենտրոնակայն, որտեղ հանդիպում է ունեցել առաքելության ղեկավարության, հումանիտար ականազերծում իրականացնող խմբի մասնագետների և բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ:
 
Դեսպանը ծանոթացել է կատարված աշխատանքների ծավալներին, ինչպես նաև քննարկվել են Հալեպի նահանգում առաջիկայում իրականացվելիք գործառույթները: Տ. Գևորգյանը բարձր է գնահատել հումանիտար առաքելության ներկայացուցիչների մասնագիտական հմտություններն ու կարողություննը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
 
Այցի շրջանակներում Սիրիայում ՀՀ դեսպանը զրույց է ունեցել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր /ընտրված Հալեպ քաղաքից/, Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուսին Իսքենյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման և համագործակցության ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
 
Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև հալեպահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Քննարկվել է համայնքի առջև ծառացած հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հյուպատոսական բնույթի բազմաթիվ հարցեր: Այդ կապակցությամբ, դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ վերջինիս աշխատանքների ակտիվացման և արդյունավետության բարձրացման խնդիրների վերաբերյալ: Տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 

Լրահոս

Դիտել ավելին