Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Եվրասիան «եռում» է զորավարժություններից. «Հայաստանի Հանրապետություն»

03 Դեկտեմբեր, 2021 08:55
Եվրասիան «եռում» է զորավարժություններից. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Մեր օրերում՝ Քրիստոսի ծննդից հետո քաղաքակրթության զարգացման 21-րդ հարյուրամյակում, Եվրասիա աշխարհամասի երկրները թեւակոխել են սպառազինության աննախադեպ մրցավազքի փուլ, Եվրոպա եւ Ասիա աշխարհամասերի հպման երկայնքով գտնվող երկրները «եռում» են զորավարժությունների մեջ: Ակտիվ ռազմական տեղաշարժեր են կատարվում Ուկրաինայում, Բելառուսի սահմանների մոտ, Սեւ ծովում, Վրաստանում, Հունաստան-Թուրքիա սահմանին, Իրանի շուրջ, Աֆղանստանում, Արաբական թերակղզու երկրներում, Սիրիայում եւ Իրաքում: 2020 թ. 44-օրյա պատերազմի նախօրեից սկսած՝ չեն դադարում ադրբեջանաթուրքական զորավարժություններն այդ երկրների տարածքներում, որոնց պարբերաբար ներգրավվում են նաեւ Պակիստանի զինված ուժերը:

Մարդկության քաղաքակրթության զարգացման մերօրյա հանգրվանում խնդիրների լուծման բարբարոսական մեթոդների դիմելու դեպքերի նման ակտիվացումը եւ հեռանկարային ծավալումները տարածաշրջանի երկրներից պահանջում են վերանայել իրենց անվտանգության հայեցակարգերը՝ առաջին պլան մղելով պաշտպանության խնդիրները: Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի շուրջ չդադարող զորավարժությունները հայկական պետություններին պարտադրում են համարժեք արձագանքել թելադրվող մարտահրավերներին:

Հատկանշական է, որ զորավարժությունները չեն դադարում Նախիջեւանում, որոնց անմիջական մասնակցություն են ունենում թուրքական բանակի ստորաբաժանումները՝ անցնելով Արաքսը: Երկու օր առաջ կրկին ինքնավար մարզի կայազորի զորքերը հերթական մարտավարական վարժանքներն անցկացրին՝ հրետանային, հրթիռային, ականանետային եւ հակատանկային մարտկոցների մասնակցությամբ, մարտական կրակի արձակմամբ։ Զորավարժությունների հիմքում պատերազմականին լիովին մոտ սցենար խաղարկվեց։ Սրան զուգահեռ՝ տեղեկատվական հարթակներում ավելի հաճախ են շրջանառվում լուրերը, որ Թուրքիան այնտեղ կուտակում է սիրիացի վարձու ջիհադիստ գրոհայինների: Հավանականությունը մեծ է, որ վերջիններիս Նախիջեւան-Բաքու կանոնավոր չվերթներով տեղափոխում են նաեւ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ: Հարձակումների ռազմական հենահարթակի վերածված Նախիջեւանում նման ակտիվությունը տեսականորեն ուղղված է ինչպես Հայաստանի եւ Իրանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ:

Ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելով՝ Հայաստանը զորավարժություններ է անցկացնում ՌԴ-ի եւ ՀԱՊԿ մյուս պետությունների հետ: Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական բեւեռների, մասնավորապես հակաթուրքական կոալիցիայի շրջանակներում ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումը Հունաստանի, Կիպրոսի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների հետ օրերս (նոյեմբերի 22-26-ը) ավարտել է «Close Quarter Battle 2021» համատեղ զորավարժությունները` Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում: Համատեղ զորավարժությունների նպատակը մարտական պայմաններում միավորված հատուկ նշանակության ուժերի մարտունակության եւ փոխգործունակության բարձրացումն էր։ Վարժանքը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների եւ վիրավորների հետ աշխատանքներ: Կիպրոսի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ նման զորավարժությունները՝ Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրի զինված ուժերի հիանալի համագործակցությունը:

Թուրքիայի չդադարող սպառնալիքները Հայաստանի հասցեին մեզ համար առաջնային են դարձնում այդ երկրի մարդասպանների յաթաղանների տակ երբեւէ ընկած ժողովուրդների հետ բնական դաշնակցային հարաբերություններ պահպանելը: Թուրքիայի ագրեսիվ պահվածքը Հունաստանի ու Կիպրոսի հանդեպ այսօր արդեն այդ երկրներին ստիպել է աննախադեպ ծավալի զինտեխնիկա, կենդանի ուժ կուտակել Անկարայի ուղղությամբ, համապատասխանաբար՝ երկրների արեւելյան եւ հյուսիսային սահմաններին:

Վերոնշյալ աշխարհաքաղաքական զարգացումները մեր պետության անվտանգության օրակարգի առաջին հորիզոնական են բարձրացնում ՀՀ զինված ուժերում համապատասխան բարեփոխումներ իրականացնելու հարցը: Հայկական զորքերի սպառազինությունը եւ մարտավարությունը նոր իրավիճակին համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա, ինչը պետք է համահունչ դառնա 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններին: Սրա համատեքստում է դիտարկվում ԱԺ օրակարգ ընդգրկված «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում է հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը:

Օրինագծով առաջարկվում է կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս եւ սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության եւ ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի ու մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Այն բխում է «Պետական սահմանի մասին» օրենքի համապատասխան կետից, ըստ որի՝ հայկական հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում ուղեկցել եւ ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքի վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը:

Այս տրամաբանությամբ պաշտպանական հայեցակարգի բարեփոխումներն ու ճշգրտումները, ինչպես նաեւ ռազմական համագործակցության ոլորտում բարեկամ երկրների հետ համագործակցության խորացումն անհրաժեշտություն են օրվա անվտանգային մարտահրավերներին արձագանքելու համար, եւ այդ նպատակին պետք է ուղղվեն հիմնական ռեսուրսները, ինչպես անում են մյուս երկրները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին