Կարևոր իրադարձություններ

Դատելով աննախադեպ տեմպերով զինվելու Ադրբեջանի գործողություններից՝ ակնհայտ է, որ այդ պետությունը չի ձգտում խաղաղության. «Հայաստանի Հանրապետություն»

02 Դեկտեմբեր, 2021 09:03
Դատելով աննախադեպ տեմպերով զինվելու Ադրբեջանի գործողություններից՝ ակնհայտ է, որ այդ պետությունը չի ձգտում խաղաղության. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Մարդկության պատմության աքսիոմատիկ ճշմարտություններից է, որ տեւական ժամանակ պարբերաբար արյունալի հակամարտության մեջ գտնվող հարեւանների միջեւ բնականոն համակեցություն եւ համագործակցություն հաստատելու համար առաջնային նախադրյալը փոխվստահության մթնոլորտի ձեւավորումն է: 44-օրյա պատերազմում հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունում արդեն ադրբեջանաթուրքական զույգի նախաձեռնությամբ առաջ քաշվեցին եւ ամրագրվեցին տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման ու համագործակցության հաստատման դրույթները:

Պատմությունը փաստում է, որ նման արյունալի բախումներից հետո կողմերի միջեւ հարաբերություններ հաստատելու համար տասնամյակներ են պետք: Թյուրքական կողմի նման շտապողականությունը կարելի է բացատրել միայն մեկ հիմնավորմամբ՝ պատերազմի ելքային արդյունքները սեփական շահերի համար օգտագործելու եւ առավելագույն արդյունք ստանալու ձգտմամբ: Թվում է, թե այդ տրամաբանության մեջ վերջիններս պետք է առավելագույնը ներդնեին իրենց նպատակներին հասնելու համար, բայց այդ պետությունների էլիտաների հայտնի քաղաքական-ավանդական գործելաոճն է այսօր հիմնական որոշիչը, երբ խոսքը եւ գործը հակադրության մեջ են: Անկարայի եւ Բաքվի ներկայիս գործողություններն աշխատում են հենց այդ պետությունների նախանշած՝ սեփական նպատակներին հասնելու դեմ: Թուրքիայի խրախուսմամբ այսօր Ադրբեջանի բոլոր գործողություններն ուղղված են երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ վստահության մթնոլոտ ձեւավորելու գործընթացների դեմ: Այլ արդյունք հնարավոր չէ նշմարել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին պաշտոնական Բաքվի կազմակերպած պարբերական  սադրանքներում:

Նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպման շրջանակներում Իլհամ Ալիեւը նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության եւ զինծառայողների շարունակական, նպատակային սպանությունները որակեց որպես «ոչ սիստեմատիկ, հատուկենտ, պատահական միջադեպեր», ինչը նմանեցրեց «համակարգային ճգնաժամի» հետ: Սա՝ Բաքվի առաջնորդի խոսքերով, իսկ իրականում՝ այն տասնամյակներով ադրբեջանական հասարակության շրջանում նախադպրոցական հաստատություններից սկսած պետական մակարդակով հայատյացության  դաստիարակության համակարգային հետեւանքն է, երբ նույն Ալիեւը պետական բարձրագույն պարգեւներ էր շնորհում քնած հայ սպային կացնահարողին կամ քառօրյա պատերազմում հայ զինծառայողին գլխատած ադրբեջանցուն: Այսօր արդեն ահաբեկչությունը խրախուսողն ինքն է տեսնում համակարգային խնդիրը, բայց եւ միանգամից ճշտում, որ սպանությունները «պատահական» են:

Թյուրքական կողմը գերագույն ճիգեր պետք է գործադրի, որպեսզի հասկանա, որ նման «պատահական» միջադեպերով, որոնց հետեւանքով քաղաքացիական անձինք են սպանվում, փոխհարաբերություններ հաստատել հնարավոր չէ: Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման դեպքում այդ «պատահական» միջադեպերը կանխելու հավանականությունը շատ փոքր կլինի: Հաղորդակցության ուղիների վերագործարկելուն պես սկսված ահռելի տրանսպորտային հոսքի պայմաններում ոչ մի մեխանիզմ չի կարողանա կանխարգելել մահվան ելքերով «պատահական միջադեպերը», ընդ որում՝ երկու կողմերի համար էլ:

Դեռ խորհրդային տարիներին հայկական գնացքները Մասիսի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերով եւ ադրբեջանցիներով բնակեցված Վրաստանի Մառնեուլի շրջանով երթեւեկելիս քարկոծվում էին: Այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախով երթեւեկող ադրբեջանցիները վիրավորական ժեստեր ու արտահայտություններ են անում տեղի բնակիչների ուղղությամբ: Ադրբեջանցիները ներկայում կեղծ հաղթանակի մասին ահռելի ծավալների քարոզչության ազդեցության տակ են՝ չգիտակցելով, որ հայկական կողմերը թշնամու «հաղթանակը» չեն տեսել, հայերն իրենց պարտված չեն համարում, եւ ցանկացած նման սադրանքի պատասխանն անպայման հետեւելու է եւ՝ անհամեմատ ավելի մեծ անհամաչափությամբ: Այս իրողությունը կարող է հերթական ապակայունացումների պատճառ դառնալ՝ անժամկետ հետաձգելով բացված հաղորդակցությունների օգտագործումը եւ տարածաշրջանային համագործակցությունը, ինչի մասին այդքան խոսում են նույն Անկարան եւ Բաքուն:

Դեպքերի նման անցանկալի, բայց իրատեսական զարգացումների դեպքերում Ալիեւի պարզունակ մանեւրները իմաստ չեն ունենա, հետեւաբար՝ այդ երկիրը շատ անելիք ունի իր հասարակությանը խաղաղության պատրաստելու համար, եթե, իրոք, ձգտում է դրան: Դատելով աննախադեպ տեմպերով զինվելու Ադրբեջանի գործողություններից՝ այս պահին միանշանակ կարելի է պնդել, որ այդ պետությունը չի էլ ձգտում խաղաղության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին