Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի անվտանգության խորհուրդը շփոթե՞լ է «Հայաստան» և «Ադրբեջան» բառերի տեղերը. «Հայաստանի Հանրապետություն»

30 Նոյեմբեր, 2021 09:32
Թուրքիայի անվտանգության խորհուրդը շփոթե՞լ է «Հայաստան» և «Ադրբեջան» բառերի տեղերը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Ըստ հին հայկական ասացվածքի՝ «Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»: Այսօր այն լիովին բնութագրում է Հայաստանի եւ Արցախի շուրջ՝ հատկապես հետպատերազմյան շրջանում ծավալվող իրադարձությունների տրամաբանությունը: Այդքան անոնսավորված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության տեքստում ասվում է. «Հայաստանն իրեն մեկնված խաղաղության ձեռքը պետք է որպես շանս գնահատի, ամբողջությամբ պահպանի հրադադարը եւ համագործակցությանը հավատարմություն ցուցաբերի»։

Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի անվտանգության խորհրդի աշխատակազմի քարտուղարությունում տեխնիկական վրիպակ են թույլ տվել եւ «Ադրբեջանի» փոխարեն սխալմամբ գրված է «Հայաստան» բառը, քանի որ ողջ աշխարհը տեսնում է, թե ով է պարբերաբար խախտում հրադադարը: Եթե Թուրքիան չի ուզում տեսնել, ապա աշխարհն ակնհայտ տեսնում է, որ Ադրբեջանն է ներխուժել  ՀՀ սուվերեն տարածք եւ արդեն ռազմական ծավալուն բախումներ է հրահրում Հայաստանի սահմանից ներս: Ըստ առողջ բանականության՝ այս իրադարձությունների ֆոնին «ամբողջությամբ հրադադարի պահպանման» հորդորը պետք է ուղղված լինի Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին:

Եթե, այնուամենայնիվ, տեքստը սխալմունք չէ եւ ուղղված է Հայաստանին, ապա դա ուղղակի նշանակում է, որ մենք պետք է առնվազն առանց դիմադրության Ադրբեջանի զինված ուժերին թողնենք ներխուժեն մեր երկրի խորքերը: Թուրքիայի անվտանգության խորհրդի հայտարարությունն այլ կերպ, քան անպատժելիությունից երանության գլխապտույտի մեջ ընկածի հորջորջ, գնահատել հնարավոր չէ:Այդ երկիրը չի գիտակցում, որ դեռ պետք է պատասխան տա իր հրահրած 44-օրյա արյունալի պատերազմի, Արցախի ժողովրդի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի համար: Պաշտոնական Անկարան պետք է միշտ հիշի, որ իր նախաձեռնած եւ անմիջական մասնակցությամբ պատերազմում զոհ գնացին 4 հազարից ավելի հայկական կողմից եւ առնվազն այդ թվի եռապատիկից ավելի ադրբեջանաթուրքական կողմից: Թափված արյան պատասխանը պետք է տրվի եւ այդպես էլ կլինի, դրա համար չկա վաղեմության ժամկետ:

Սեփական ռազմական եւ հումանիտար հանցագործությունների մասին մտածելու փոխարեն Թուրքիայի ներկայիս քաղաքական ղեկավարությունն արդեն բացահայտ սպառնում է Հայաստանին: Ի՞նչ է նշանակում, թե ադրբեջանաթուրքական կողմը Հայաստանին շանս է տալիս: Այսօր Հայաստանն է դարձի գալու շանս տալիս Թուրքիային՝ առաջարկելով հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների, այն դեպքում, երբ ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում է, ու դրան ավելացել են նաեւ արցախյան վերջին պատերազմի նոր հետեւանքները: Ջիհադիստ ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո հայկական կողմի կառուցողական մոտեցումը հնարավորության ընձեռում է հենց Թուրքիային եւ Ադրբեջանին՝ բանակցային քաղաքական հարթակ տեղափոխվելու, Արցախի օկուպացված տարածքները վերադարձնելու եւ բռնագաղթած արցախցիների վերադարձն ապահովելու համար:

Հայաստանի պարզած ձեռքը սեղմելու փոխարեն ադրբեջանաթուրքական կողմը մշտապես սադրանքների է գնում՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտության ոլորտներում: Հռչակվում է այսպես կոչված «Խանքենդիի մանկավարժական ինստիտուտի» վերստեղծման գաղափարը, շրջանառվում է Շուշիում «Գորշ գայլերի» դպրոց բացելու նախագիծը, Ստամբուլի գլխավոր դատախազ Շաբան Յըլմազի գլխավորած պատվիրակությունը հրավիրվում է համատեղ օկուպացված Արցախի տարածքներ, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերին համոզում է, թե իր երկիրը ելնում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու հանգստություն ապահովելու դիրքերից եւ պատրաստ է Հայաստանի հետ սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, բայց Հայաստանը դրան, իբր, չի պատասխանում:

Թյուրքական կողմը լավ գիտի, որ 44-օրյա պատերազմով չի լուծել տարածաշրջանի հիմնական հակամարտության պատճառի հարցը՝ Արցախի կարգավիճակը, եւ այսօր սահմանազատումն ու սահմանագծումը կապել Արցախի կարգավիճակի հետ՝ նշանակում է անիրագործելի պայման առաջադրել՝ լավ գիտակցելով, որ բոլոր միջազգային կառույցների եւ պետությունների հետ միասին Հայաստանն ասում է, որ կարգավիճակի հարցը լուծված չէ:

Այլ կերպ ասած՝ ողջ քաղաքակիրթ աշխարհն ասում է, որ տարածաշրջանում հակամարտության հիմք հանդիսացող հիմնահարցը բաց է, ավելին՝ դրան են ավելացել վերջին պատերազմին առնչվող բազմաթիվ անպատասխան հարցեր եւ չգնահատված էթնիկ հանցագործության իրական գործողություններ, իսկ Թուրքիան բարձրագույն մակարդակով իրականությունից կտրված հայտարարություններ է անում: Այսօր մի բան է հստակ՝ այս պայմաններում նախապայմաններով խոսելու իրավունք ունեն միայն Հայաստանը եւ Արցախը, այլ ոչ թե ագրեսորներ Թուրքիան ու Ադրբեջանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին