Կարևոր իրադարձություններ

Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին (լուսանկարներ)

29 Նոյեմբեր, 2021 19:46
Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր»  դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․դ․ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, պեղումները  իրականացվել են 40-ից ավելի դամբարանում (1989-91 թթ․)։ Հնագետի փոխանցմամբ, դամբարանները տարբեր ժամանակաշրջաններով էին թվագրվում՝ միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․)  մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)։ Այսինքն, շուրջ  1500 տարի դամբարանադաշտը պարբերաբար օգտագործվել է։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

«Դամբարանադաշտի պեղումները  բավականին հետաքրքիր նյութ են տալիս։ Կարող ենք խոսել թաղման ծեսի (խմբային, անհատական թաղումներ), դիադրման եղանակների, դամբարանային կառույցների ձևերի մասին։ Մարդաբանական նյութերը ուսումնասիրել են մեր լավագույն մասնագետները՝ Ռուզան Մկրտչյանը և Հասմիկ Սիմոնյանը», – իր խոսքում նշել  է  Աշոտ Փիլիպոսյանը։ 

Հնագետի փոխանցմամբ, մ․թ․ա․ երրորդ հազարամյակից սկսած Հայկական լեռնաշխարհը միշտ եղել է խիտ բնակեցված և պեղված նյութը ցույց է տալիս, որ Սևանի ավազանը, Արարատյան դաշտավայրը, Բարձր Հայքը, Վանի ավազանը պատմամշակութային մեկ ընդհանրության մաս են կազմել։ 

«Ներքի Գետաշենը  զինագործության, պերճանքի առարկաների արտադրության, խեցեգործության շատ կարևոր շրջան է եղել», – իր խոսքը եզրափակել է հնագետը։  

Հնագիտական նյութը տարիների ընթացքում վերականգնման տևական փուլ է անցել։ ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի մասնագետներն էլ առաջիկայում կաշխատեն գտածոների հետ, հետո՝  դրանք կհամալրեն կազմակերպության ֆոնդերը։

Նշենք, որ հնագիտական նյութի զգալի մասը տարբեր տարիներին հրատարակվել  է հանրապետական և արտերկրի պարբերականներում։  

 

Լրահոս

Դիտել ավելին