Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը

29 Նոյեմբեր, 2021 15:50
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ  խորհրդի և ԽՎ-ի  14-րդ համատեղ լիագումար նիստը:

Նիստի օրակարգում է եղել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության մասին» հարցը:

ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարելով նիստը, ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու է  առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: ՀՀ ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ համաձայն «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մասին» ժամանակավոր կանոնակարգի՝ Նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով:

Թեկնածուի առաջադրումից հետո Ալեն Սիմոնյանը քվեարկության է դրել Նախագահի ընտրության հարցը: Արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է  ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել  է գործընկերոջը՝ հետագա աշխատանքում մաղթելով հաջողություն:

ՀՀ ԱԺ նախագահը նաև ծավալուն ելույթ է ունեցել:  Նա անդրադարձել է ժամանակակից աշխարհի միջազգային և ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաև՝ ընդլայնվող նոր մարտահրավերներին ու սպառնալիքների մասշտաբներին:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ստանձնմանը՝  նա շեշտել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նշվում է հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով  ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն  առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:  Ելույթում անդրադարձ է եղել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը և մի շարք այլ հարցերի:  Ալեն Սիմոնյանը  կարևորել է  ՀԱՊԿ-ի խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը:

Նա մասնակիցներին տեղեկացրել է, որ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնելու և մի շարք այլ  առաջարկներով:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգում են եղել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման  և ներդաշնակեցման ուղղությամբ մշակված «Խաղաղապահ գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» և «Տեղեկատվական անվտանգության մասին» մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաև մոդելային օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման աշխատանքների ընթացքի և կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին