Կարևոր իրադարձություններ

Հայոց բերդաքաղաք Շուշին՝ թիրախ. մշակութային ցեղասպանությունը շարունակվում է. «Հայաստանի Հանրապետություն»

27 Նոյեմբեր, 2021 09:40
Հայոց բերդաքաղաք Շուշին՝ թիրախ. մշակութային ցեղասպանությունը շարունակվում է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Շուշիի նվաճումը շարունակվում է առայսօր, բայց արդեն մշակութային հարթությունում։ Առաջին քայլերը դրսեւորվեցին Շուշիի պատմամշակութային եւ կրոնական հուշարձանների ոչնչացմամբ եւ յուրացմամբ։ Հաջորդ քայլը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կնքված ռազմաքաղաքական բնույթի` այսպես կոչված` «Շուշիի հռչակագիրն» էր։ Եվ, վերջապես, հայոց բերդաքաղաք Շուշին թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հայտարարելը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը փաստաթղթեր է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն` Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։ Հաջողելու դեպքում կստացվի, որ միջազգային հանրությունն ի դեմս ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեգիտիմացնում է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները եւ կանաչ լույս վառում հետագայում եւս մշակութային ցեղասպանությունը շարունակելու համար։ Ստեղծարար քաղաքների ցանցը ներկայումս ներառում է շուրջ 300 քաղաք 90 երկրից։ Ի դեպ, Բաքուն ցանցում ընդգրկված է 2019-ից՝ «դիզայն» թեմայով, Շաքի քաղաքը՝ 2017-ից՝ «վարպետություն եւ արհեստագործություն» թեմայով։ Իսկ այս տարվա նոյեմբերին վերոնշյալ ցանցում ներառվել է նաեւ Լենքորան քաղաքը՝ «գաստրոնոմիա» թեմայով։

Պատահական չէ Շաքի՝ Նուխի եւ Լենքորան քաղաքների ընտրությունը. ներկայումս Նուխի քաղաքում (Շաքիում) ազգաբնակչության շրջանում փոքր թիվ չեն կազմում լեզգիները, իսկ պատմականորեն այն հիշատակվել է հայկական աղբյուրներում, անգամ մինչեւ 1988 թ. հայտնի իրադարձությունները քաղաքում եղել են երեք հայկական եւ մեկ ռուսական եկեղեցիներ: Նուխիի շրջանի բազմաթիվ գյուղերում մինչ վերջերս պահպանվում էին հայկական հետքերը` եկեղեցիների, մատուռների, սրբավայրերի տեսքով, որոնց մեծ մասը՝ կիսաքանդ վիճակում: Ինչ վերաբերում է Լենքորանին, ապա այն թալիշաբնակ է։ Այսինքն՝ Ադրբեջանն անհանդուրժող կեցվածք եւ վերջնական ձուլման քաղաքականություն է վարում նաեւ այդ տարածքների բնիկ ժողովուրդների նկատմամբ՝ աշխարհին ներկայանալով տվյալ ժողովուրդների մշակույթն ու տարածքները յուրացրած։

Վերադառնալով Շուշիին` նշենք, որ քաղաքի բռնազավթումից հետո այնտեղ անցկացվեցին մի շարք միջոցառումներ ու փառատոներ, բավականին հաճախակի դարձան տարբեր մակարդակներով այցելությունները։ Այդ ամենը ցույց է տալիս, որ կովկասյան թաթարները չեն կարողանում հաղթահարել հոգեբանական սթրեսը, որն առաջանում է ամեն քայլափոխի քաղաքի հայկական լինելու մասին հանդիպող վկայություններից, եւ դրանից բխող քայլեր են արվում։

Արցախի բռնազավթած տարածքներում, այդ թվում՝ Շուշիում, հայկական դիմագիծը ոչնչացնելու գործին է լծված նաեւ Թուրքիան. նախօրեին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը հայտարարել էր, թե իրենք «պատրաստ են այն ամենին, ինչ անհրաժեշտ է անել»։ Ավելին` այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզբեկստանի Խիվա քաղաքում «Թյուրքական մշակույթ» միջազգային կազմակերպության (TurkSoy) նախարարների խորհրդի 38-րդ նիստում հայկական Շուշիի թեկնածությունն առաջադրել էր որպես 2023 թ. Թյուրքական աշխարհի մայրաքաղաք։ Այս մասին նա մեկ անգամ եւս հայտարարել էր չորեքշաբթի օրը «Մեծ վերադարձ. մշակույթի վերածնունդ» համաժողովի շրջանակներում՝ շեշտելով, որ նախատեսված միջոցառումներին ներգրավվելու են բոլոր թյուրքալեզու ժողովուրդները։ Ստամբուլում անցկացվող Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 8-րդ նիստում ունեցած ելույթում էլ Թյուրքական մշակույթի ու ժառանգության միջազգային հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիեւան խոսել էր Շուշիում թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն կառուցելու մասին։

Այն հապճեպությունը, որով իրականացվում է Շուշիի նվաճման մշակութային մակարդակը, հուշում է, որ թուրքերն ու կովկասյան թաթարները շտապում են… Շտապում են՝ միգուցե վախենալով այլ զարգացումներից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին