Կարևոր իրադարձություններ

Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը

26 Նոյեմբեր, 2021 19:47
Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը

Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Նորոգված կենսական նշանակության ճանապարհը Կամո և Շիրակ բնակավայրերը կապում է Մ-7 /Մ-3/-Սպիտակ-Գյումրի միջպետական ճանապարհի հետ։ 

 

Բնակավայրերի բնակիչները նույնիսկ չէին հիշում, թե երբ է նորոգվել այդ ճանապարհը, ասում էին, որ շուրջ 30-40 տարի ճանապարհաշինական տեխնիկա չէին տեսել այդ կողմերում։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքները դիտարկեց ու ամփոփեց տեղում:

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը համայնքների ներկայացուցիչների հետ զրույցներում նշել է, որ ճանապարհը երկար ծառայելու համար բնակիչների, համայնքի խնամքի կարիքը ունի։ Նա նաև հորդորեց գյուղացիներին գյուղատնտեսական տեխնիկան (հատկապես թրթուրավոր) վարել հատուկ գյուղտեխնիկայի անցման համար նախատեսված հատվածներով, հակառակ դեպքում ճանապարհային ծածկը շատ արագ կքայքայվի։ Նա նաև նշեց, որ ճանապարհի մի կողմում կողնակները լայն են կառուցվել՝ հատուկ գյուղտեխնիկայի երթևեկի համար։
 
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը նշել է, որ կզգուշացնեն գյուղտեխնիկա ունեցող գյուղացիներին, որ երթևեկեն նախատեսված հատվածներով և չվնասեն ասֆալտբետոնե ծածկը։ Նա ասում է, որ նախկինում մարզկենտրոնի, հիմնական ճանապարհի, այլ բնակավայրերի հետ կապը շատ դժվար էր իրականացնել։
 
«Մեքենաները շարքից դուրս էին գալիս, տաքսիները գյուղ չէին մտնում, մարդիկ ընդհանրապես աշխատում էին քիչ երթևեկել։ Կենսական նշանակության այս ճանապարհի նորոգումը մեծ խնդիրներ է լուծում Շիրակ և Կամո բնակավայրերի համար։ Ախուրյան խոշորացված համայնքը գյուղատնտեսական տարածք է, որտեղ գյուղմթերքի տեղափոխման, շուկաներին հասանելի դարձնելու, սերմեր ներկրելու խնդիր կա։ Եվ ճանապարհի հիմնանորոգումը խիստ կարևոր է թե՛ տնտեսման, թե՛ ժամանակ խնայելու, թե՛ հարմարավետության առումով։ Նախկինում տարին մի քանի անգամ մենք համայնքի ուժերով փորձում էինք փոսային նորոգում, խճապատում իրականացնել, սակայն անձրևներից հետո դարձյալ փոսեր էին ի հայտ գալիս։ Հիմա արդեն ունենք բարեկարգ ճանապարհ և պետք է աշխատենք ապահովել հետագա պահպանումն ու շահագործումը»,- ասել է Արծրունի Իգիթյանը։
 
Ճանապարհաշինական աշխատանքները կատարել է «Մերձմոսկովյան» ՓԲԸ-ն։ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին