Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանում Հայաստանն առանձնացվում է ոչ ժողովրդավարական Թուրքիայից և Ադրբեջանից. «Հայաստանի Հանրապետություն»

26 Նոյեմբեր, 2021 08:17
Տարածաշրջանում Հայաստանն առանձնացվում է ոչ ժողովրդավարական Թուրքիայից և Ադրբեջանից. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրված է Հայաստանը, բայց հրավիրված չեն Թուրքիան եւ Ադրբեջանը: Այդ փաստը հաստատում է օրերս ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած՝ գագաթնաժողովին հրավիրված 110 երկրների եւ տարածքների ցուցակը: Միանշանակ կարելի է պնդել, որ ԱՄՆ-ն այդ միջոցառման հրավիրյալների ցուցակով առնվազն արտահայտում է իր վերաբերմունքը վերջին ժամանակաշրջանում աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ, չնայած համաժողովի հրավիրման գաղափարն ընդգրկված է եղել նաեւ Ջո Բայդենի նախընտրական ծրագրում:

Միջոցառմամբ թյուրքական երկու պետություններին դուրս դնելով ժողովրդավարական երկրների ցանկից՝ ԱՄՆ-ն նախանշում է վերջիններիս նկատմամբ իր հետագա հարաբերությունների եւ քաղաքականության առաջնահերթությունները: Սովորաբար դա արտահայտվում է նման երկրների հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցների կիրառմամբ եւ նվազագույնը՝ աջակցության դադարեցմամբ: Իսկ Թուրքիան եւ նրա միջոցով նաեւ Ադրբեջանը զգալի կախվածություն ունեն Միացյալ Նահանգներից:

Նախանշվող տնտեսական սահմանափակումներից բացի զգալի կլինեն ռազմական աջակցության դադարեցման բացասական հետեւանքները: Այս ոլորտն առանցքային դեր ունի Անկարայի ռազմական արդյունաբերության եւ զինված ուժերի կարողությունների առումով: Նախ՝ այն պատճառով, որ այս երկիրն ամենուր ռազմական գործողություններ է ծավալում եւ իր զինուժը տեղակայել է մի շարք երկրներում, ապա նաեւ այն հանգամանքով, որ նրա ռազմական արդյունաբերությունը երբեք ինքնաբավ չի եղել եւ կախված է ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների, հիմնականում՝ ԱՄՆ-ի աջակցությունից:

Երկու գործոնն էլ Թուրքիայի համար կարեւորագույններից են: Արդեն այսօր տնտեսության վատ վիճակի եւ լիրայի ռեկորդային անկման պատճառով զանգվածային անկարգություններ են սկսվել այս երկրի քաղաքներում ու շրջաններում: Մյուս կողմից էլ ռազմական արդյունաբերությունը նրա տնտեսության վերջին տարիների առաջատար ճյուղերից է, որին սպասվելիք հարվածները շատ ցավոտ են լինելու: Արդեն այսօր Թուրքիային դուրս են թողնում ամերիկյան «F 35» բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռների արտադրության խոշոր ծրագրից, որն էական հարված է այդ երկրի սպառազինությանը:

Այս ամենից բացի, Թուրքիային եւ Ադրբեջանին ոչ ժողովրդավարական երկրների շարքին դասելը ենթադրում է վերջիններիս նկատմամբ քաղաքական գործընթաց, որի առավելագույն ծրագիրն ԱՄՆ-ի համար սովորաբար լինում են տվյալ պետությունների իշխող վարչակարգերի փոփոխության ուղղությամբ տեղի քաղաքական ու քաղաքացիական այլախոհներին աջակցությունը եւ քաղաքական-դիվանագիտական պատժամիջոցներ կիրառելը:

Միանշանակ է, որ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» Թուրքիային եւ Ադրբեջանին չհրավիրելն Արեւմուտքի լուրջ արձագանքն է վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի Հանրապետության դեմ այս պետությունների կատարած բազմաթիվ պատերազմական հանցագործություններին: Բայց ԱՄՆ այս քայլը նրանց վարքի վրա ազդեցություն կունենա, եթե դրան հաջորդի հետեւողական պատժամիջոցների շղթան: Դա այդ պետություններին առնվազն կստիպի դադարեցնել տարածաշրջանում զենքի ուժի դիրքերից խոսելու գործելաոճը եւ կնպաստի Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ նստելուն: Հնարավոր պատժամիջոցները թյուրքական զույգին նաեւ կստիպեն հրաժարվել տարածաշրջանում նոր ապակայունացումներ հրահրելուց:

«Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրված չեն նաեւ ՌԴ-ն եւ Չինաստանը: Նոյեմբերի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն գագաթնաժողովի միջոցով նպատակ ունի աշխարհի երկրները բաժանել ժողովրդավարականների եւ ոչ ժողովրդավարականների: ԱՄՆ քաղաքականությունը ՌԴ-ի եւ Չինաստանի նկատմամբ հայտնի է եւ, ըստ էության, նորություն չէ: Գագաթնաժողովի ուղերձների հիմնական նորությունը ոչ ժողովրդավարական երկրների ցանկում Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդգրկումն է: ՀՀ դիվանագիտական կառույցներն ԱՄՆ-ի այս ժեստը պետք է գնահատեն որպես այդ երկրների վարած ագրեսիվ քաղաքականության մասին հայկական կողմերի իրականացրած հետեւողական ու բավարար իրազեկման արդյունք, ինչը պետք է հետագայում ներառվի մեր պետության քաղաքական-դիվանագիտական պայքարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին