Կարևոր իրադարձություններ

Սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում պետք է բացառել Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում․ Սեյրան Օհանյան

25 Նոյեմբեր, 2021 22:05
Սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում պետք է  բացառել Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում․ Սեյրան Օհանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 25-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով: Լսումներին  մասնակցել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական գործիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունից։

Բացելով լսումները` ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումների անցկացումը: Նրա դիտարկմամբ` լսումները հնարավորություն են` հնչեցնելու դիրքորոշումներ եւ տեսակետներ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ լսումներն անցկացվում  են հայկական երկու պետությունների համար բարդ ռազմաքաղաքական  իրավիճակում: «Խմբակցությունը նպատակ ունի վերհանել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք կապված են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների հետ»,-պարզաբանել է Սեյրան Օհանյանը:

Սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ միջազգային փորձի համաձայն` դրանց լեգիտիմության կարեւորագույն պայմաններից է, որ հակառակորդ պետությունները պատրաստ լինեն խաղաղ ապրելու, ասել է խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր այդ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ նախապայմաններ չկան, ինչը ցույց են տալիս Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություները: Նրա խոսքով` Ադրբեջանը մտադիր չէ խաղաղ գոյակցության պայմաններում հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղության հաստատմանն ու սահմաննների ճշգրտմանը, սակայն դա  չպետք է հակասի Հայաստանի եւ Արցախի շահերին:

«Սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում պետք է  բացառել Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում»,- նշել է խմբակցության ղեկավարը:

«Հայաստանի  եւ Ադրբեջանի միջեւ վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով` բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիռաման սպառնալիքը»,-ամփոփելով ելույթը` ասել է Սեյրան Օհանյանը:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը բարձրաձայնել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Նախագծի ամբողջական տեքստը` այստեղ:

Փաստաթղթի վերաբերյալ ելույթներում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկությունները եւ դիտողությունները:

Նրանք ողջունել են հայտարարության նախագիծը` նշելով, որ բովանդակային առումով այն համապատասխանում է այսօրվա հրամայականին եւ ունի իրավաքաղաքական նշանակություն: Կարծիք է հնչել, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիր չունենալու պարագայում սահմանազատման որեւէ գործընթացի սկսումը ժամանակավրեպ է եւ հակասող Հայաստանի ազգային շահերին: Նշվել է, որ թշնամի պետության հետ ճանապարհ բացելուց առաջ պետք է լուծել անվտանգության հարցը: Բանակի կարողությունների վերականգնման հարցում անհրաժեշտ է համարվել ունենալ համազգային կոնսենսուս: Կարեւորվել է մեր երկրի ռազմավարական եւ ռազմական կարողությունների վերականգնումը:

Բանախոսները  պահանջել են իշխանությունից հրապարակել առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերը:

Ելույթներում արտախորհրդարանական քաղաքական ուժերն անդրադարձել են երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, ներկայացրել դրանց լուծման իրենց ուղիները:

Ամփոփելով լսումները`  ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը կարեւորել է հնչած ելույթներն ու առաջարկները: Նա նաեւ  ափսոսանք  է հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել լսումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին