Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    549
    561

  • RUB

    6,55
    6,79

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան գործում է ոչ միայն Երևանի, այլև Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի և ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորման դեմ. «Հայաստանի Հանրապետություն»

24 Նոյեմբեր, 2021 09:17
Թուրքիան գործում է ոչ միայն Երևանի, այլև Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի և ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորման դեմ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Աշխարհի առաջադեմ երկրները թյուր, միստիկ իրականություն են իրենց համար ձեւավորում՝ փորձելով Ադրբեջանի գործողությունների մեջ, բարբարոսությունից զատ, այլ վարքագիծ նշմարել: Պաշտոնական Բաքվի վարքագծում քաղաքակրթության որեւէ դրվագ նշմարելիս անմիջապես ոգեւորվում են՝ փորձելով դրան մեծ նշանակություն տալ ու վերջինիս դրդել դեպի քաղաքական երկխոսության դաշտ: Բայց վերոնշյալ դեպքերի գերակշիռ մասով արագ հուսախաբ են լինում, քանի որ նման «դրական» քայլերն իրականությունից շատ հեռու են եւ ավելի շատ տակտիկական հնարքներ են հերթական ռազմական հանցագործության համար:

Նման վարքագծով Ադրբեջանն օրերս անհարմար վիճակի մեջ դրեց իր երկրում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերին: Վերջինս նոյեմբերի 22-ին շտապեց մեծ ոգեւորությամբ գովաբանել 3 օր առաջ Ալիեւի կատարած քայլը, որով նա համաձայնել էր իր պաշտպանության եւ Հայաստանի պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ կապ հաստատելուն, որպեսզի սահմանային միջադեպերը կանխվեն: Դիվանագետը, ողջունելով նման համաձայնության ձեռքբերումը, ընդգծել էր, որ իրենք միշտ աջակցել են կողմերի պաշտպանության նախարարությունների միջեւ ուղիղ կապերի հաստատմանը, ինչը շատ կարեւոր է միջադեպերը կանխելու եւ կորուստներից խուսափելու համար։

ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունից ժամեր անց՝ երեկոյան, Ադրբեջանն իրականացրեց հերթական սադրանքը Գեղարքունիքի մարզի սահմանագծում: Փոխհրաձգության հետեւանքով զոհվեց մեկ հայ ժամկետային զինծառայող, եւ մի քանիսը վիրավորվեցին: Նման ձեւով «քաղաքակիրթ» Բաքուն արձագանքեց գերտերություններից մեկի փայփայած սին հույսերին: Փաստն արտացոլում է ադրբեջանաթուրքական զույգի իրական դեմքը եւ հետապնդած նպատակները: Այս իրավիճակում ՄԱԿ-ը եւ եվրոպական կառույցները դեռ շատ վաղուց ոչ թե պետք է անհիմն հույսեր փայփայեին, որ Ադրբեջանը «խելքի կգա», այլ պետք է հստակ պատժիչ եւ զսպիչ մեխանիզմներ կիրառեին նրա դեմ, քանի որ մեր սահմանակից երկիրը միայն այդ լեզուն է հասկանում: Ավելին՝ այդ քաղաքականությունն ավելի թիրախային եւ արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ շոշափելի գործողություններ իրականացվեն նաեւ Թուրքիայի նկատմամբ, քանի որ Ադրբեջանին 44-օրյա պատերազմի դրդեց եւ հիմա էլ սահմանային լարվածության է մղում նրան:

Պաշտոնական Անկարայի ցինիզմն արդեն սահմաններ չի ճանաչում: Վերջինս մի կողմից իր կամակատար Ադրբեջանին դրդում է Հայաստանի հետ սահմանային բախումների եւ իրավիճակի ապակայունացման, մյուս կողմից էլ կառավարության նիստում քննարկում է իր իսկ հրամանով ապակայունացված երկրների միջեւ սահմանի վիճակը: Անհրաժեշտ է արձանագրել, որ այդ քայլերով Թուրքիան գործում է ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի եւ ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորման դեմ, որի կազմում է Հայաստանը: Նման ամեն մի միջադեպ լրջագույն հարված է Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի վարկանիշին, քանզի աշխարհը տեսնում է, որ ադրբեջանաթուրքական զույգն ակնհայտ ագրեսիա է գործադրում այդ կառույցի անդամ պետության սուվերեն տարածքի նկատմամբ, որին, ըստ այդ ռազմաքաղաքական միավորման կանոնակարգի, պետք է միանշանակ արձագանք լիներ: ՌԴ-ն առայժմ ռազմական այդ բախումները կարգավորում է բանակցությունների միջոցով՝ առանց ռազմական ուժի կիրառման, բայց, բոլոր դեպքերում, նման միջադեպերը էական հարված են հասցնում ՀԱՊԿ-ի հեղինակությանը:

Բացի այն, որ ադրբեջանաթուրքական նման սադրանքներն ուղղված են Ռուսաստանի եւ նրա առաջնորդած ՀԱՊԿ-ի դեմ, միաժամանակ դրանք առավելագույն վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատման գործընթացին: Այլ կերպ ասած՝ թյուրքական պետությունները լծված են տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի տորպեդահարմանը: Վերջիններս կրկին փորձում են ռազմական ճանապարհով քաղաքական բանակցային լուծումներ պահանջող խնդիրներ կարգավորել, ինչը աբսուրդ է եւ անիրականանալի: Հետեւաբար՝ միջազգային հանրությունը պետք է ստիպի պատերազմական հանցագործությունների մեջ մինչեւ ականջները խրված այս պետություններին շատ զգայուն տարածաշրջանը չտանել դեպի հերթական պայթյունի, եւ նրանց ամեն կերպ հասկացնի, որ այստեղ առկա խնդիրն անհնար է լուծել զենքի միջոցով: Ցանկացած ռազմական քայլ հանգեցնելու է պատասխան ռազմական հակաքայլի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Դիտել ավելին