Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487,5
    494,5

  • EUR

    548,5
    560,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի Սենատի նախագահը հյուրընկալել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը

23 Նոյեմբեր, 2021 12:22
Ֆրանսիայի Սենատի նախագահը հյուրընկալել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ժերար Լարշեին «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին մասնակցելու հրավերի համար:

Ֆրանսիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հանգամանորեն հետևում են հայաստանյան իրավիճակին և քաջատեղյակ են հետպատերազմյան զարգացումներին:

Գործընկերները հատկանշական են համարել այն, որ համաժողովն անցկացվելու է 2020 թ. նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի գրեթե միաձայն ընդունումից մեկ, և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունումից 20 տարի անց:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը փաստել է, որ պատմական այդ իրադարձությունները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ համերաշխության բացառիկ դրսևորումներ են, իսկ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում՝ միակարծության եզակի օրինակներ: Այս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևերի ընդունումը, ինչպես նաև ֆրանսիական պետության և տարբեր կազմակերպությունների իրականացրած մարդասիրական օգնությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրիչ և ագրեսիվ գործողություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Գործընկերոջ խնդրանքով հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է Հայաստանի կոչը միջազգային բոլոր գործընկերներին՝ հստակորեն և հասցեական արձագանքել ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող այս գործողություններին ու գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման ուղղությամբ: Կողմերը փաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը:

Զրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրվել հետպատերազմյան հումանիտար խնդիրների հրատապ կարգավորմանը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությանը:

Կողմերն անդրադարձել են հանդիպումից ժամեր առաջ հայ-ադրբեջանական սահմանից Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ բացած կրակին, ինչի հետևանքով զոհվել է զինծառայող Սուրեն Սաֆարյանը: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կողմերը համարել են ոտնձգություն նաև ժողովրդավարության հանդեպ:

Գործընկերները խոսել են միջպետական հարաբերությունների զարգացման հարցերում միջխորհրդարանական համագործակցության հատկանշական գործառույթներից, ինչպես նաև՝ հայ-ֆրանսիական բարձրաստիճան քաղաքական երկխոսության դինամիկայից:

Հանդիպումը եզրափակվել է ՀՀ ԱԺ-ի և ՖՀ Սենատի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է օրենսդիր մարմինների բազմաբևեռ համագործակցություն՝ ի նպաստ երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամության և համերաշխության:

Լրահոս

Դիտել ավելին