Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ակնարկում է, որ Թուրքիան իր ներկայիս տարածքում եկվոր է. «Հայաստանի Հանրապետություն»

23 Նոյեմբեր, 2021 09:45
Ռուսաստանն ակնարկում է, որ Թուրքիան իր ներկայիս տարածքում եկվոր է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«ՌԴ-ն նորաթուխ գործընկերոջը՝ Թուրքիային, փաստորեն ակնարկում է, որ վերջինս իր ներկայիս վարչական սահմաններում եկվոր է: Այդ մասին դիվանագիտական լեզվով ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Մեկնաբանելով Թայիփ Էրդողանին Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի նվիրած թյուրքական աշխարհի քարտեզը, Կրեմլի (ի դեպ, թուրքագետ) խոսնակն ասել է, որ դրա կարմիր աստղը՝ կենտրոնը Թուրքիայում չէ:  «Մեր թուրք գործընկերները շրջանառում են թյուրքական միասնության գաղափարը, ինչը նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ քարտեզում, այնուամենայնիվ, նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում, որը ոչ թե Թուրքիայում է, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Դ. Պեսկովը նորություն չի ասում. դա հանրահայտ ճշմարտություն է, որի մասին գիտի աշխարհաքաղաքականությունից քիչ թե շատ հասկացող` երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ: Այս խոսքերում միակ նորությունն այն է, որ ՌԴ-ն բարձր մակարդակով Անկարային ակնարկում է, որ ինքն ավելի շատ հիմքեր ունի թյուրքական աշխարհը համախմբելու, քան Անկարան: Ի դեպ, այս գաղափարը նորություն չէ, այն ՌԴ ռազմավարության դոկտրինում առկա կետերից մեկն է: Այդ քաղաքականության շրջանակներում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող թաթարների հոգեւոր առաջնորդները պարբերաբար հայտարարում են, որ Թուրքիայում էթնիկ թուրքերը փոքրամասնություն են կազմում՝ 30 տոկոս, եւ որ ՌԴ-ում թուրքերն ավելի շատ են:

Թուրքերի եկվորության մասին արդեն դարերով խոսում եւ նրա ծավալապաշտական նկրտումների դեմ պայքարում են այդ պետության ներկայիս տարածքի բնիկ իրավատեր ժողովուրդները՝ հայերը, հույները, քրդերը, ասորիները, բուլղարները: Մեր օրերի ողբերգությունն այն է, որ Էրդողանի վարչակազմը ոչ միայն հայտարարություններով է թարմացնում մեծ թուրանի գաղափարը, այլեւ գործով՝ հարեւան բնիկ ժողովուրդների հազարամյա բնօրրանի ուղղությամբ ռազմական ագրեսիաներ սանձազերծելով: Եթե Ռուսաստանն ունի հզոր ռազմական ուժ եւ իրեն կարղ է թույլ տալ Պեսկովի շուրթերով սարկազմի ժանրում այդ քարտեզի վերաբերյալ հայտարարելու, որ թյուրքական միասնության գաղափարի շրջանառումը նորմալ է, ապա, մասնավորապես, Հայաստանը եւ Սիրիան ստիպված են անգնահատելի կորուստներով դիմագրավել այդ գաղափարի կյանքի կոչման գործնական քայլերին: Թուրքիան իրեն արյունակից թուրքմենների միջոցով փաստացի օկուպացրել է Սիրիայի հյուսիսը, մինչ այդ զավթել էր Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, իսկ մեկ տարի առ փաստացի օկուպացրեց Արցախի Հանրապետության հարավը:

Արցախի ժողովրդի դեմ իրականացրած ռազմական հանցագործությունները համաշխարհային հանրության լռության պայմաններում մարսած համարելով, այսօր էլ Թուրքիան իր արտգործնախարարի բերանով սպառնում է Հայաստանի տարածքների կորստով: Թերեւս, այս միտման տրամաբանության մեջ էր Ադրբեջանի զինուժի միջոցով հոկտեմբերի 16-ին Հայաստանի տարածք ներխուժելու անհաջող փորձը: Հայաստանի իշխանությունների կողմից բարձր մակարդակով արվող հայտարարությունն այն մասին, թե պատրաստ են տարածաշրջանի հաղորդակցությունների բացմանը, ադրբեջանաթուրքական զույգը պատասխանում է արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա հարձակմամբ: Այդ առաջխաղացումը կանխվեց ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հմուտ եւ սառնասիրտ գործողություններով: Միանշանակ է, որ ավելի մեծ ծավալի բախումների դեպքում ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներգրավումն անխուսափելի կլինի:

Հայաստանն ադրբեջանական զինուժի սադրանքներին դիմակայելու խնդիր չունի, ինչի մասին փաստում են արցախյան երկու պատերազմների հաղթական ելքերը: Խնդիրն այն է, որ ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ հիմա ադրբեջանական զորքերն ահռելի օժանդակություն են ստանում իրենց ռազմական հանցագործությունների դրդող գործընկեր-պետություններից, մասնավորապես՝ Թուրքիայից: Նման իրավիճակում հայկական կողմերի համար դաշնակցի աջակցությունն անհրաժեշտություն է, եւ մեծ ծավալի ռազմական բախման դեպքում նրա ներգրավումն անխուսափելի կլինի:

Թերեւս, տարածաշրջանային զարգացումների համատեքստում էին նախորդ կիրակի «Էրեբունու» ռազմական օդանավակայանում ռուսական ռազմաօդային ուժերի կազմակերպած ցուցադրական վարժանքները, որոնց ժամանակ ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը լրագրողների հետ զրույցում  հայտարարեց, որ բոլոր ինքնաթիռները, որոնք «Էրեբունի» օդանավակայանում են, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության:

Հայաստանի սահմաններին նման անցանկալի զարգացումների հեռանկարը լիովին իրատեսական է, քանի որ եւ՛ Քարվաճառի, եւ՛ Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան կենդանի ուժի, զինտեխնիկայի մեծ ուժեր են կենտրոնացրել: Այս գործողությունները չեն տեղավորվում տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության դարաշրջան բացելու թյուրքական պետությունների  պարբերաբար արվող հայտարարությունների համատեքստում: Նման հայտարարություններն իրականում քող են վերջիններիս կողմից նախապատրաստվող նոր ռազմական սադրանքների համար, որոնք նրանք չեն դադարեցրել եռակողմ հայտարարությունն ընդունելուց հետո էլ: Հետեւաբար, ինչպես միշտ է եղել, այսօր էլ խաղաղությունը պետք է պարտադրվի հակառակորդին, քանզի վերջինս հասկանում է միայն ուժի լեզուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 



 

Լրահոս

Դիտել ավելին