Կարևոր իրադարձություններ

Այս ոլորտում Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է․ Արման Խոջոյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության «Էկոիդեա» բնապահպանական լուծումների կենտրոնի ներկայացուցիչներին

22 Նոյեմբեր, 2021 23:57
Այս ոլորտում Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է․ Արման Խոջոյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության «Էկոիդեա» բնապահպանական լուծումների կենտրոնի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության «Էկոիդեա» բնապահպանական լուծումների կենտրոնի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև Բելառուսի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների  մասնագետներ։ 

Հանդիպման նպատակն էր քննարկել երկու երկրներում օրգանական գյուղատնտեսության  ներկա վիճակը, խնդիրներն ու փորձի փոխանակման հնարավորությունները։

Հյուրերը նախ շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքով հանդիպումը կազմակերպելու համար, ապա՝ նշելով, որ այս ոլորտում Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է, իրատեսական են համարել օրգանական գյուղատնտեսության բնագավառում համատեղ նախագծերի իրականացումը։

Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել օրգանական մթերքի արտադրության, վերամշակման, սերտիֆիկացման և մի շարք հարակից հարցերի վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի, սակայն եղած հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում։ Այս ոլորտի զարգացման հիմքում նա մատնանշել է հատկապես ուսուցման կարևորությունը։

Արման Խոջոյանը հյուրերին համառոտ ներկայացրել է նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերը, ապա հավելել, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ մեծ աշխատանքներ են իրականացվում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից։

Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ կկարողանան նկատելի դրական տեղաշարժ արձանագրել փոխգործակցության մի շարք ուղղություններով։ Նախանշվել են հետագա անելիքներն ու համագործակցության հեռանկարները։ Հանդիպումը կազմակերպվել է «Էկոգլոբ» ՍՊԸ օրգանական սերտիֆիկացման և վերահսկման մարմնի կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին