Կարևոր իրադարձություններ

Միացյալ Նահանգները կրճատելու է ռազմական ներկայությունը Աֆղանստանում

19 Հոկտեմբեր, 2015 10:37
Միացյալ Նահանգները կրճատելու է ռազմական ներկայությունը Աֆղանստանում

Միացյալ Նահանգները հաջորդ տարի կրճատելու է իր զորքերի թիվն Աֆղանստանում, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքով, 2016-ի երկրորդ կեսից ներկայումս Աֆղանստանում գտնվող 9,800-ից ամերիկյան զորքերի թիվը կրճատվելու է մինչեւ 5,500 զինվորական: Նա ավելացրել է, որ Աֆղանստանի բանակին դեռ որոշ ժամանակ է հարկավոր լիարժեք զարգանալու համար.

«Աֆղանստանի զինված ուժերը դեռ այնքան հզոր չեն, որքան անհրաժեշտ է»:

VOA-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների նախագահն ընդգծեց, որ թույլ չի տա աֆղանական տարածքն օգտագործել որպես ահաբեկիչների ապաստարան եւ հենց այդ պատճառով ԱՄՆ-ը դեռ չի կարող իրեն թույլ տալ ամերիկյան բոլոր զորքերն Աֆղանստանից դուրս բերել.

«Խնդիրն այն է, որ Աֆղանստանի որոշ շրջաններում անվտանգության հետ կապված իրավիճակը դեռ շատ փխրուն է եւ կարող է վատթարանալ»:

Միեւնույն ժամանակ, նախագահ Օբաման հաստատեց, որ Աֆղանստանում ամերիկացի զինվորականները չեն մասնակցելու ուղղակի ռազմական գործողությունների, այլ զբաղվելու են միայն աֆղանական զորքերի վարժեցման եւ ահաբեկիչների դեմ հատուկ գործողությունների իրականացմամբ:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ Միացյալ Նահանգները նախատեսում էր ավելի կտրուկ կրճատել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում, 2017-ին իր զորքերի թվաքանակն այդ երկրում հասցնելով 1,000-ի։ Սակայն, Իրաքի եւ Սիրիայի տարածքից «Իսլամական պետություն» խմբավորման կողմից բխող վտանգը եւ Աֆղանստանում թալիբանի հաջողությունները՝ տեղի ուժերի հետ պայքարում Վաշինգտոնի համար համոզիչ ազդանշան էին, որ Աֆղանստանը դեռ ունի ամերիկյան զորքերի օգնության կարիք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ը Աֆղանստան շուրջ 10,000-անաց զորախումբ մտցրեց: Հաջորդ տարիներին այդ թիվն աճում էր՝ 2011-ին հասնելով 100,000-ի։ Դրանից հետո թվաքանակըսկսեց կրճատվել:

Դիմելով Ամերիկայի ժողովրդին եւ զինվորականներին- Բարաք Օբաման ասաց, որ հասկանում է Աֆղանստանից դուրս գալու նրանց ցանկությունը, սակայն, ահաբեկչության վտանգին դիմակայելու համար ամերիկյան գոյությունն Աֆղանստանում առայժմ անհրաժեշտ է։

«Որպես ձեր գերագույն հրամանատար, ես հավատում եմ, որ այս առաքելությունը, որը միտված է մեր քաղաքացիների դեմ ահաբեկչական գրոհների կանխարգելմանը, կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին