Կարևոր իրադարձություններ

Ուրախ կլինեմ, եթե այս հանդիպումը դառնա գործնական քայլերի մեկնարկի նոր ուղի․ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՌԴ-ից ժամանած պատվիրակությանը

22 Նոյեմբեր, 2021 18:43
Ուրախ կլինեմ, եթե այս հանդիպումը դառնա գործնական քայլերի մեկնարկի նոր ուղի․ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՌԴ-ից ժամանած պատվիրակությանը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզից գործարար այցով Շիրակի մարզ այցելած պատվիարկությանը։ Պատվիրակությունն Հայաստանում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Օմսկի տարածաշրջանի փոքր բիզնեսի աջակցման և զարգացման պետական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է այսօրինակ այցելություններն ու հանդիպումները․ «Բարի գալուստ Շիրակի մարզ, շատ ուրախ եմ ողջունելու Ձեզ մեր մարզում։

 

Շիրակը մինչ երկրաշարժը եղել է արդյունաբերական կենտրոն, իսկ Գյումրին արտադրանք է թողարկել, որի պահանջարկը զգացվել է Խորհրդային բոլոր հանրապետություններում։ Հիմա մեզ մոտ, իհարկե, որոշակի դրական տեղաշարժ կա և նկատվում է թեթև ու սննդի, վերամշակող արդյունաբերության զարգացում, սակայն անելիքներ ու չօգտագործված ներուժ կա, որն իրացնելու համար այսպիսի հանդիպումներն անհարաժեշտություն են։ Ես, որպես Շիրակի մարզպետ, վստահեցնում եմ՝ պատրաստ եմ աջակցելու հնարավորությունների սահմաններում և ուրախ կլինեմ, եթե այս հանդիպումը դառնա գործնական քայլերի մեկնարկի նոր ուղի»։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել իրենց գործունեության բնագավառները։ Կողմերը կարևորել են գործարարների ապակենտրոնացված շփումների սերտացումն ու հարաբերությունների շարունակական զարգացումը։

Նազելի Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ հաճախակի շփումները կբերեն գործարար կապերի աշխուժացման և վստահեցրել, որ այդ առումով Շիրակի մարզպետարանը պատրաստ է դառնալ կապող օղակ կողմերի միջև։

Նշենք, որ պատվիրակությունը Հայաստանում կլինի մեկ շաբաթ, նախատեսվում է շնորհանդեսների անցկացում, որոնց ժամանակ կներկայացվեն Հայաստանի և Օմսկի մարզի արտահանման ներուժը, կլինեն գործարար բանակցություններ ու բիզնես հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ մի շարք առաջատար ոլորտային ձեռնարկություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին