Կարևոր իրադարձություններ

ԱԺ աշխատակիցները կվերապատվաստվեն

22 Նոյեմբեր, 2021 17:12
ԱԺ աշխատակիցները կվերապատվաստվեն

Կարեւորելով խորհրդարանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացումը` ՀՀ ԱԺ աշխատակազմը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ աշխատակիցների համար նախաձեռնել է «Տվյալների կառավարում, հաղորդակցություն եւ ներկայացում» խորագրով դասընթաց, որի մեկնարկը տրվել է նոյեմբերի 22-ին: Դասընթացի ընթացքում աշխատակազմի ներկայացուցիչները կբարելավեն Microsoft Office-ի երեք ծրագրերով (MS Excel, Word, PowerPoint) աշխատելու իրենց կարողությունները:

Ներկաներին ողջունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին վերապատրաստման դասընթաց նախաձեռնելու, իսկ ՄՀԻ-ի գործընկերներին` խորհրդարանական նախագծերին աջակցելու պատրաստակամության համար: ԱԺ փոխխոսնակը կարեւորել է աշխատակիցների համակարգչային հմտությունների կատարելագործումը: Նա բարձր է գնահատել աշխատակազմի ներկայացուցիչների` նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու ցանկությունը եւ հորդորել հնարավորինս արդյունավետ օգտագործել ընձեռած հնարավորությունը:

Մասնակիցներին ողջունել եւ արդյունավետ դասընթաց է մաղթել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը: Նա ՏՏ ոլորտում ԱԺ աշխատակազմի ունակությունների բարձրացման տեսանկյունից կարեւորել է նմանատիպ թրեյնինգների անցկացումը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը նշել է, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ` «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի միջոցով: Ջեյմս Դե Ուիթի խոսքով` անցկացվելիք դասընթացը ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության մի մասն է կազմում: ՄՀԻ-ի տնօրենի խոսքով` դասընթացն օգտակար կլինի տվյալների հաղորդակցության արդյունավետությունը բարձրացնելու եւ դրանց ներկայացման հմտությունները կատարելագործելու առումով:

 

Լրահոս

Դիտել ավելին