Կարևոր իրադարձություններ

Սիրիայի դեսպանի կարծիքով Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ

22 Նոյեմբեր, 2021 14:01
Սիրիայի դեսպանի  կարծիքով Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ: Այս մասին ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

«Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը եւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը: Այս համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը կարեւորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Սիրիայի համագործակցությունը»:

Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ: Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում:

Կողմերը կարեւորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է երկու երկրների փոխգործակցությունը: Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում զրուցակիցները փաստել են փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը: 

Նշվում է, որ անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման եւ ներմուծման ծավալների ավելացմանը: Ընդգծվել է սիրիահայերի զգալի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել:

 

Լրահոս

Դիտել ավելին