Կարևոր իրադարձություններ

Սասուն Խաչատրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները դիտարկել են կոռուպցիոն գործերի քննության ժամանակակից մեթոդների մշակման հնարավորությունները

20 Նոյեմբեր, 2021 13:55
Սասուն Խաչատրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները դիտարկել են կոռուպցիոն գործերի քննության ժամանակակից մեթոդների մշակման հնարավորությունները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի և Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության գործառնությունների համակարգող Սերգո Կավտարաձեի հետ: Հանդիպման նպատակը Միացյալ Նահանգների կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման, մասնավորապես` տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի քննարկումն էր:

 

Կողմերը, մասնավորապես, դիտարկել են կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային փորձագետների ներգրավմամբ քննիչներին մասնագիտական աջակցության, այդ թվում` քննության ժամանակակից մեթոդների մշակման հնարավորությունները: Բացի այդ, անդրադարձ է կատարվել քննության իրականացման ընթացքում քննչական, օպերատիվ և փորձագիտական աշխատանքների մեկտեղման, ինչպես նաև դրանց արդյունավետության ապահովման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործման և փորձի փոխանակման նպատակով կարևորվել է նաև անհրաժեշտ վերապատրաստման ծրագրերի իրականացումը հատկապես ֆինանսական հանցագործությունների և պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման հանցատեսակների քննության թեմաներով:

 Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համագործակցությունը շարունակական կլինի, և դրա շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ»,-նշված է հայտարարության մեջ։
 

Լրահոս

Դիտել ավելին