Կարևոր իրադարձություններ

Բարձրորեն գնահատում ենք Ձեր հոգատարությունն և անխոնջ ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Համայն Ռուսիո Պատրիարքին

20 Նոյեմբեր, 2021 12:18
Բարձրորեն գնահատում ենք Ձեր հոգատարությունն և անխոնջ ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Համայն Ռուսիո Պատրիարքին
Նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ հղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից։
 
Ռուս Ուղղափառ Եկեղեցու գահակալին ուղղված շնորհավորագրում ասված է. «Ձերդ Սրբություն, Ձեր ողջ կյանքը, Ձեր հովվապետական ծառայությունը ամբողջապես նվիրել եք աշխարհում Քրիստոսի Եկեղեցու դերի ամրապնդմանը, Սուրբ Ավետարանի անանց ճշմարտությունների բարեհաջող վկայությանը և մարդկանց սրտերում հոգևոր ու բարոյական արժեքների անդադարարմատավորմանը՝ արդի մարտահրավերների հաղթահարման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման գործում հոգևորի առաքելության և կարևորության ամուր գիտակցությամբ: Ձեր հովվական խոսքն ու խրատը մեր օրերում իբրև փարոս է ծառայում կարոտյալների, տկարների և մխիթարություն ու հոգևոր լուսավորություն փնտրող շատերի համար:
 
Այս նշանակալից օրը գոհունակությամբ ցանկանում ենք հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը մեր Եկեղեցիների միջև սերտ կապերի և գործակցության զարգացման հարցում, ինչն իր հերթին կարևոր ուղերձ է հավատակից մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների համար ողջ աշխարհում: Բարձրորեն գնահատում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ, որի դրսևորումն են նաև Ձեր հոգատարությունն և անխոնջ ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հայոց հոգևոր ժառանգության պահպանման և Դադիվանքի անխաթար գործունեության ապահովման համար»։
 
Նորին Սրբությունը Կիրիլ Պատրիարքին մաղթել է արևշատ կյանքի երկար տարիներ և Աստծո զորակցությունը հովվապետական ծառայության մեջ՝ հանուն Ռուսաստանի և Ռուս Եկեղեցու պայծառության:
 

Լրահոս

Դիտել ավելին