Կարևոր իրադարձություններ

Արտակ Բեգլարյանը նշել է COVID-19-ի հետ կապված նոր սահմանափակումների անհրաժեշտությունը

19 Նոյեմբեր, 2021 20:48
Արտակ Բեգլարյանը նշել է COVID-19-ի հետ կապված նոր սահմանափակումների անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին:
 
Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը սկզբում զեկույց է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, որը ներառում էր համավարակի տարածման վիճակագրությունից մինչև բուժման ու հիվանդության կանխարգելման ընթացիկ աշխատանքներ: Միքայել Հայրիյանը, իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, կանխատեսել է, որ հիվանդացության դեպքերը հանրապետությունում կշարունակեն կտրուկ աճել, եթե առաջիկայում խիստ միջոցառումներ չձեռնարկվեն:
 
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն նոր սահմանափակումներ մտցնելու, այդ պայմաններում հանրապետության մուտքի կանոնակարգման, դասապրոցեսի կազմակերպման և երկրի կենսագործունեության այլ ոլորտներում անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքների իրականացման շուրջ:
 
Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ պետական նախարարը անբավարար է գնահատել առ այսօր իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: Նա նշել է առաջիկա օրերին նոր սահմանափակումներ մտցնելու և խիստ կարգապահություն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը համավարակի տարածման կանխարգելման հարցում արդարացված քայլ է:
 
Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է համավարակը միասնական ուժերով հաղթահարելու կարևորությունը, որի գլխավոր քայլերից են պատվաստումը և անվտանգության նվազագույն կանոնների պահպանումը: Պետական նախարարը հույս է հայտնել, որ Արցախում ևս կհետևեն զարգացած երկրների հասարակություններին ու հնարավորինս արագ կպատվաստվեն՝ պահպանելով առողջությունն ու վերականգնելով հանրապետության բնական կենսագործունեությունը:
 
Պետական նախարարը խորհրդակցության ավարտին մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին՝ միջոցառումների պատշաճ կազմակերպման ու վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառման ուղղությամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին