Կարևոր իրադարձություններ

Արմեն Գևորգյանը ՉԺՀ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ

19 Նոյեմբեր, 2021 18:59
Արմեն Գևորգյանը ՉԺՀ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ

Նոյեմբերի 19-ին  ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արմեն Գեւորգյանն ընդունել  է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունից։

Ողջունելով դեսպանին` Արմեն Գեւորգյանն արդյունավետ եւ հեռանկարային է գնահատել  բարեկամ Չինաստանի հետ  համագործակցությունը, ընդգծել կայուն եւ խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա անդրադարձել է նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած հերթական  ագրեսիային` անթույլատրելի համարելով խնդիրների լուծումը ռազմական ճանապարհով: Դեսպանն իր հերթին  կարեւորել է տարածաշրջանում խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորումը:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են` 2022 թվականին լրանում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ անցած տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները եղել են բարեկամական, զարգացող եւ արդյունավետ:  Սակայն, ըստ նրանց, դեռեւս կա չօգտագործված ներուժ տարբեր ոլորտներում:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ դրանց ընդլայնմանը, միջխորհրդարանական  եւ  տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Հայաստանում ներդրումներ կատարելու  հնարավորությանը, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի, ինչպես նաեւ  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

Երկուստեք կարեւորվել է  հետագա համագործակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին