Կարևոր իրադարձություններ

Թուրքիան արդեն սպառնում է Հայաստանի տարածքների կորուստներով. «Հայաստանի Հանրապետություն»

19 Նոյեմբեր, 2021 09:27
Թուրքիան արդեն սպառնում է Հայաստանի տարածքների կորուստներով. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Միջազգային իրավապաշտպան կառույցների եւ գերտերությունների ոչ լուռ անտարբերությունը Թուրքիայի ցինիզմի ու հանցավոր գործողությունների առաջ նորանոր դռներ է բացում: Բանը հասել է այնտեղ, որ մարդկության պատմության բոլոր ժամանակների ցեղասպանությունների հեղինակն այսօր արդեն Հայաստանի Հանրապետությանը սպառնում է տարածքների կորուստներով: Այդ երկրի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բահրեյնի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ նախ սեփական սահմանները պաշտպանելու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները սադրանք է որակել, ապա հայտարարել՝  եթե Հայաստանը շարունակի նույն կերպ, ապա նորից կորուստներ կունենա։

Այստեղ նախ պետք է նկատել, որ Չավուշօղլուն հերթական անգամ փաստեց, որ պաշտոնական Անկարան է Ադրբեջանին մշտապես դրդում ռազմական հանցագործությունների, որից հետո էլ Թուրքիան լծվում է դիվանագիտական լծակներով կատարված հանցագործությունների լեգիտիմացմանը: Այդ գործողություններով հաստատվեցին փորձագետների բազմիցս արած այն հայտարարությունները, թե Ադրբեջանի որեւէ գործողություն առանց Թուրքիայի մասնակցության չի կատարվում:

Պաշտոնական Անկարան զգալով, որ 44-օրյա պատերազմը հրահրելով, դրանում իր զինված ուժերի օդուժն ու այլ ստորաբաժանումների զինծառայողների, սիրիացի վարձու ջիհադիստ ծայրահեղականների ներգրավմամբ պատերազմական հանցագործություններ հեղինակելով ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ կանաչ լույս է ստանում նույն հիմնահարցի «դիվանագիտական» կարգավորման առաջամարտիկը դառնալու հարցում, հիմա էլ սկսել է ծաղրել ողջ աշխարհի քաղաքակիրթ մարդկությանը: Ավելին՝ չճանաչված Արցախի Հանրապետության տարածքներն օկուպացնելուց հետո, իր խամաճիկ Բաքվի միջոցով անցել է ոտնձգությունների ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ:

Այս ամենից հետո էլ միջազգային կառույցները շարունակում են հանդարտության կոչ անել կողմերին: Նման աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության գերակայության պայմաններում, բնականաբար, Հայաստանն ապավինում է առաջին հերթին իր ուժերին: Թշնամին, ինչպես միշտ, այս անգամ էլ ՀՀ սահմաններին գործեց նենգորեն՝ մինչ այդ շփման գծում առանց կրակելու հարցերը լուծելու նախադեպերից օգտվելով կարողացավ մոտենալ ՀՀ ԶՈՒ դիրքերին, ինչը նրան որոշակի առավելություն տվեց, սակայն հայկական զինված ուժերի գործողությունների արդյունքում արագ հետ շպրտվեց:

Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը կխուսափեն Հայաստանի վրա լայնամասշտաբ հարձակումից, քանի որ դրա հաջորդ փուլը կլինի տարածաշրջանային հակամարտության մեկնարկը՝ այնտեղ գտնվող պետությունների եւ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, իսկ նման սահմանային միջադեպերը շատ թանկ են նստելու Բաքվի վրա: Բայց, ինչպես ցույց է տվել նախորդ բախումների փորձը, Ալիեւին ամենեւին էլ չեն հետաքրքրում սեփական երկրի քաղաքացիների կյանքերը եւ պատրաստ է եւս մեկ անգամ իր կնոջ հետ գլխավորել հազարավոր զոհված ադրբեջանցի զինծառայողների նկարներով երթը:

ՀՀ ԶՈՒ-ն էլ պետք է դիտարկի, գնահատի ու կանխատեսի սահմանային սադրանքների ցանկացած սցենար եւ անհամարժեք պատասխան հասցնի, ինչի ուժը մենք միշտ ենք ունեցել: Նոյեմբերի 16-ի բախումից երկու օր անց արդեն Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական առանձին համակցված բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ: Զորավարժությունները սկսվել են ՀՕՊ ստորաբաժանումները մարտական պատրաստության բերելով եւ կրակային ու ելման դիրքեր գրավելով։

Վերջին զարգացումները միանշանակ փաստում են, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի շուրջ խաղաղության հաստատման գործընթացը դեռ շատ հեռու է իրականությունից: Այն պարբերաբար տորպեդահարում են եւ արցախյան աննախադեպ ագրեսիան հրահրելով տարածաշրջանում կրկին պատերազմ բերած թյուրքական զույգ պետություններն ու իրենց դաշնակիցները: Նման պայմաններում հայկական պետություններին ոչինչ չի մնում՝ բացի թշնամու լեզվով իր հետ խոսելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին