Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան. «Հայաստանի Հանրապետություն»

19 Նոյեմբեր, 2021 09:03
Ադրբեջանական կողմը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի որոշ հատվածների ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կրակը ճնշվել է պատասխան գործողությունների արդյունքում, իսկ նոյեմբերի 18-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն էր։

Մինչդեռ Ադրբեջանն իրականությունը մատուցում է ամբողջովին խեղաթյուրված. ադրբեջանական քարոզչամեքենան լուրեր է տարածում՝ իբր, հայկական զինուժն է կրակ բացել «Թովուզի շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»: Իրականությունը ներկայացնելու այս ոճը նորություն չէ ալիեւյան քաղաքականության համար. ավելի քան երեք տասնամյակ մեկդարյա պատմություն ունեցող պետական միավորը լավ է սերտել իրողություններն ու պատմական անցքերը խեղաթյուրելու «ավագ եղբոր» դասերը։ Միանշանակ է, որ նման հայտարարությամբ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում առաջիկայում սպասվող ռազմական ագրեսիան «լեգիտիմացնելու» համար։

Միանգամայն տեղին է Սպիտակ տանն ուղղված ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի կոչը՝ նվազեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը, ինչի մասին նա գրել է «Twitter»-ի իր էջում։ Ի վերջո, Ադրբեջանի ռազմական ներուժը սահմանափակելուն ուղղված ցանկացած քայլ կարող է դրական ազդեցություն ունենալ եւ զգոնության դրդել Բաքվի ցեղասպան իշխանություններին։ Ի դեպ, նոյեմբերի 5-ին եւս ԱՄՆ Սենատը քննարկել էր Բաքվին ռազմական օգնությունը դադարեցնելու եւ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի հանցագործությունները ուսումնասիրելու օրենսդրական առաջարկները։ ԱՄՆ ազգային պաշտպանության նպաստների մասին ակտի քննարկման ժամանակ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ալեքս Պադիլան ներկայացրել էին օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկ. առաջինը՝ վերականգնել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Ցավոք, այս առաջարկն առաջին անգամ չէ, որ արվում է մասնավորապես Մենենդեսի կողմից, սակայն ապարդյուն. մայիսին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը երկարաձգել էր 907-րդ հոդվածի կասեցումը։ Մյուս երկու նախագծերն ուղղված են պետդեպարտամենտին եւ պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ակտիվորեն օգտագործվել են Արցախյան պատերազմի ժամանակ։

Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան, պետդեպարտամենտից եւ պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի եւ այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաեւ օտարերկրյա վարձկանների ներգրավումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունից։ Նկատենք, որ այս երեք ուղղությամբ տարվող աշխատանքի դրական լուծման դեպքում կարելի է արձանագրել, որ միջազգային հանրությունն ի դեմս Միացյալ Նահանգների, լրջորեն տրամադրված է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան սանձելու համար։ Հակառակ դեպքում, ինչպես բազմիցս եղել է, կոչերն ու հորդորները «թղթե շերեփի» ազդեցություն ունեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին